«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Մոնոպոլիի «Սուդեստիվալը» սերտացնում են համագործակցությունը

25-05-2019 13:22:47   | Հայաստան  |  Մշակույթ
Մայիսի 24-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում փոխըմբռնման հուշագիր կնքվեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և Մոնոպոլիի «Սուդեստիվալի» (Իտալիա) միջև:
 


Հուշագիրը ստորագրեցին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր
նախագահ Հարություն Խաչատրյանը և «Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման:
 
Հուշագրով կողմերը մտադիր են սկսել կանոնավոր մշակութային համագործակցություն և փոխանակում: Երկու փառատոների կազմակերպչական կառույցները՝ ինքնուրույն, բայց մշտական կապի մեջ, աշխատելու են իրենց երկրներում համապատասխան ծրագրերում կինոյի բաժիններ բացելու ուղղությամբ՝ երաշխավորելու համար իտալական կինոյի բաժին «Ոսկե ծիրան»-ում և հայկական կինոյի օր «Սուդեստիվալ»-ում:  
 
Հուշագիրը ուժի մեջ կլինի երեք տարի ժամկետով՝ միչև փառատոնի 2023 թ. թողարկման ավարտը: Հուշագիրը ենթակա կլինի վերականգնման 2023 թ. թողարկումից հետո՝ պայմանով, որ կողմերը հավասարապես բավարարված կլինեն համագործակցություններից և դրանց մշակութային արդյունքներից:
 
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հուշագրի կնքման արարողությանն ընդգծեց, որ Իտալիայում մասնակցել է «Սուդեստիվալին» և հիացած է եղել տեղի հյուրընկալությամբ: Հուշագրի ստորագրմամբ էլ երկուստեք կապն է՛լ ավելի կամրապնդվի, ինչը Հարություն Խաչատրյանը կարևոր է համարում:
 
«Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման առանձնահատուկ շեշտեց, որ ինքը և Հարություն Խաչատրյանը կարծում են, որ կինոն յուրահատուկ հանդիպումների և միմյանց ճանաչելու լավագույն միջոցն է:
 
«Միմյանց ճանաչելու համար կարևոր է, որ Հայաստանն իր բաժինն ունենա «Սուդեստիվալի» շրջանակում, ինչը շատ կարևոր կլինի նաև Իտալիայում հայկական համայնքի համար»,-ասաց Միկելե Սուման՝ հավելելով, որ «Սուդեստիվալ»-ը հիմնականում զբաղվում է ժամանակակից իտալական կինոյով, այնպես որ իրենք կարող են հայկական փառատոնին ներկայացնել թարմացված իտալական ֆիլմեր:
 
Ի դեպ, մայիսի 22-25-ը Հայաստանում Եվրոպայի օրվա շրջանակում անցկացվում է «Սուդեստիվալ» իտալական ֆիլմերի փառատոնը, որն արդեն երկրորդ անգամ, շնորհիվ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել
Մոնակոյի, հյուրընկալվում է Հայաստանում: Փառատոնի շրջանակներում անցկացվում են վարպետության դասեր անվանի իտալացի սցենարիստ Սալվատորե Դե Մոլայի կողմից, ինչպես նաև ցուցադրվում են ժամանակակից իտալական ֆիլմեր։
 
Երկու փառատոնների միջև հուշագրի ստորագրման գործում մեծ է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի ավանդը, ով ևս ներկա էր ստորագրման արարողությանը:
 
«Հայաստանը և Իտալիան ունեն հարուստ կինո, և դա նպաստում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Մեծագույն հաջողություններ եմ մաղթում երկու փառատոններին, և պատրաստ եմ ցուցաբերել իմ օժանդակությունը»,-ասաց դեսպանը: Ի դեպ, իտալական կինոն և իտալացի գործիչներն անմասն չեն մնա այս տարվա «Ոսկե ծիրան»-ից, իսկ թե ինչի մասին է խոսքը՝ փառատոնի կազմակերպիչները կհայտնեն առաջիկայում:
 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 581 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար