Բուժհաստատություններում գործող էլեկտրոնային լոկալ համակարգերը հնարավոր է ինտեգրել ԱՐՄԵԴ միասնական համակարգին

27-05-2019 11:43:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր»  ընկերության ինտեգրացիոն նոր լուծումները հնարավորություն են տալիս առանձին բուժհաստատություններում արդեն իսկ ներդրված և գործող բժշկական տվյալների կառավարման էլեկտրոնային համակարգերը ինտեգրել էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ միասնական համակարգին։ 
 
«Արաբկիր» բժշկական համալիրն  առաջին հիվանդանոցն է, որում ներդրված բժշկական տվյալների կառավարման էլեկտրոնային համակարգի ինտեգրումն էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ միասնական համակարգին արդեն հաջողությամբ իրականացվել է։ Ինտեգրումը հնարավոր է դարձել «Արաբկիր» բժշկական համալիրի, «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի և  բուժհաստատության էլեկտրոնային համակարգը ներդրած՝ Database and Statistical Technology ընկերության համագործակցությամբ։
«Ինտեգրացիոն նման լուծումները  տվյալների գրանցման և փոխանցման գործընթացները բավականին հեշտացնում են`
բացառելով տվյալների կրկնակի մուտքագրումը։ Եթե բուժհաստատությունն արդեն  ունի իր համակարգը, որով բուժաշխատողները սովոր են աշխատել, մեր լուծումները հնարավորություն են տալիս ապահովել տվյալների փոխանցումն առանց հավելյալ աշխատանքի։ Կարիք չկա տվյալներ  մուտքագրել թե՛ լոկալ համակարգ, թե՛ ԱՐՄԵԴ։ Սա մի կողմից հեշտացնում է բուժհաստատության ներսում գործընթացները,  մյուս կողմից՝ ապահովում  ԱՐՄԵԴ համակարգում տվյալների ամբողջականությունը»,- ասում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ տնօրեն Ավետ Մանուկյանը: 
 
 «Արաբկիր» բժշկական համալիրի Տնօրեն  Արման Բաբլոյանը  նշում է, որ  դեռ 2015 թվականից իրենք սկսել են ներդրումներ իրականացնել համալիրի կարիքներին համապատասխան բժշկական տվյալների կառավարման էլեկտրոնային համակարգ ներդնելու ուղղությամբ՝ համագործակցելով Database and Statistical Technology ընկերության հետ։ «Մեր նպատակը որակյալ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ծառայությունների մատուցումն է, և մենք հետևողական ջանքեր ենք ներդնում այդ ուղղությամբ։ Մեր  համալիրում էլեկտրոնային լոկալ համակարգ արդեն ներդրված էր, բայց մենք նաև տվյալները ԱՐՄԵԴ միասնական համակարգ էինք մուտքագրում։ Հիմա արդեն  տվյալները կմուտքագրվեն միայն մեր համակարգ և ծրագրային լուծումների շնորհիվ ներկայումս պահանջվող
տվյալների փոխանցումն  ԱՐՄԵԴ-ին կիրականացվի ավտոմատացված եղանակով», -ասում է «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն, Արման Բաբլոյանը։
Առողջապահական տվյալների կառավարման և վերլուծության ոլորտում գործող Database and Statistical Technology ընկերության տնօրեն Կարապետ Դավթյանը  վստահեցնում է, որ ինտեգրման աշխատանքները հաջողությամբ ավարտին են հասցվել, և ներկայումս պահանջվող տվյալների փոխանցումն ԱՐՄԵԴ-ին իրականացվում է լիարժեք կերպով։ 
 
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 269 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար