Հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը 16-րդ «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է

13-06-2019 16:17:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Երևանի  «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրն այս տարի կլինի  մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը: Հուլիսի 7-14-ն անցկացվող կինոտոնի շրջանակում Ռեյգադասը կժամանի Հայաստան, և մեր երկրում կցուցադրվեն անվանի ռեժիսորի ֆիլմերը: 
 
Կառլոս Ռեյգադասը (Ալբերտո Կաստիլյո Ասունսոլո) իրավաբանություն է ուսանել Մեխիկոյում, ապա` Լոնդոնում մասնագիտացել զինված հակամարտությունների ուսումնասիրման մեջ և աշխատել ՄԱԿ-ում: 1987-ին Անդրեյ Տարկովսկու ֆիլմերը դիտելուց հետո հասկացել է, որ անհույս սիրահարված է կինոյին: 
 
1997-ին «Գերմարդկայինը» առաջին կարճամետրաժ ֆիլմով Բելգիայում մասնակցել է կինոմրցույթի: 1999-ին սկսել է գրել իր առաջին լիամետրաժ ֆիլմի` «Ճապոնիայի» սցենարը,
որն սկսել է նկարահանել միայն 2001-ին: Կինոնկարը ներկայացվել է Ռոտերդամի կինոփառատոնում և հատուկ հիշատակության արժանացել Կաննի «Ոսկե կինոխցիկ» մրցույթում, ինչպես նաև «Մարջան» մրցանակի արաժանացել Հավանայի կինոփառատոնում: 2004-ին Ռեյգադասը թողարկել է «Արյունը», որը նկարահանել է երիտասարդ ռեժիսոր Ամատ Էսկալանտեն: Ֆիլմը ներկայացվել է Կաննի փառատոնում և մրցանակ շահել «Հատուկ հայացք» ծրագրում: 2005-ին Ռեյգադասը նկարահանել է «Մարտ երկնքում» ֆիլմը: Կինոնկարը Կաննում հավակնում էր «Ոսկե արմավենու ճյուղին»:
 
2007-ին նկարահանած «Անաղմուկ լույս» ֆիլմի շնորհիվ Կաննում արժանացել է ժյուրիի մրցանակին: «Լույս՝ խավարից հետո» կինոնկարի համար արժանացել է Կաննի 65-րդ կինոփառատոնի մրցանակին՝ որպես լավագույն ռեժիսոր: Ռեյգադասը հանդես է գալիս նաև որպես կինոպրոդյուսեր:  
 
«Ֆիլմ ստեղծելիս սցենարն ինձ համար այնքան էլ կարևոր դեր չի խաղում, այն օգնում է լոկ փոքր-ինչ կառուցել այն, ինչն ուզում եմ փոխանցել հանդիսատեսին»,-մի առիթով ասել է Կառլոս Ռեյգադասը: 
 
Հիշեցնենք, որ հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը: Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի
քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 564 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար