ՌԴ ԱԻՆ կինոլոգիական ծառայության ղեկավար. տպավորված եմ հայ գործընկերների կատարելագործվելու մեծ ցանկությամբ

14-06-2019 18:44:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Հունիսի 14-ին ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնում կայացավ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ- կինոլոգիական ջոկատի 8 կինոլոգների որակավորման բարձրացման հավաստագրերի հանդիսավոր հանձնման արարողությունը:
 
Հավաստագրերը հետախույզ-կինոլոգներին շնորհեց ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը:
Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում մայիսի 20-ից հունիսի 14-ը ԱԻՆ կինոլոգների համար կազմակերպվել էին «Տեխնածին փլուզումների դեպքում տուժածների որոնման ժամանակ կինոլոգիական հաշվարկների կիրառումը» թեմայով որակավորման բարձրացման դասընթացներ: 
 
Ուսուցման գործընթացի կազմակերպման նպատակով  Հայաստան էին ժամանել ՌԴ ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության Սանկտ-Պետերբուրգի  համալսարանի դասախոսներ, միջազգային որակավորում ունեցող մասնագետներ Ալեքսանդր Ալեքսանդրովը և Նադեժդա Նիկոլաևան: 
 
144-ժամյա դասընթացի ավարտից հետո այսօր Արզնիում տեղակայված ԱԻՆ ուսումնական վարժահրապարակում
անցկացվեցին որակավորման քննություններ, ինչպես նաև  հետախույզ-կինոլոգների՝ «Հակատեռոր» խորագրով ցուցադրական վարժանքներ: 
 
Ըստ վարժանքի սցենարի՝ բնակելի շենքում տեղի է ունեցել  պայթյուն: Տեղեկություններ են ստացվել, որ կիսափլուզված շինության փլատակների տակ կան  տուժածներ, շինության մեջ առկա է պայթուցիկ նյութ:
 
Հետախույզ-կինոլոգների և իրենց կողմից վարժեցված շների առջև խնդիր էր դրվել պայթուցիկ նյութերի առկայության մասով ստուգել շինության առջև կայանված մեքենան, շինության շրջակայքը, ինչպես նաև հայտնաբերել փլատակների տակ գտնվող մարդկանց:
Հետախույզ-կինոլոգները, թե՛ քննության ընթացքում և թե՛ վարժանքի ժամանակ կարողացան հստակ կատարել իրենց առջև դրված խնդիրները:
 
«Շատ տպավորված եմ հայ գործընկերների աշխատունակությամբ, սովորելու և կատարելագործվելու մեծ ցանկությամբ,- ամփոփելով շուրջ երեքշաբաթյա դասընթացները՝ նշեց ՌԴ ԱԻՆ հարավարևելյան դաշնային շրջանի կինոլոգիական ծառայության ղեկավար Ալեքսանդր Ալեքսանդրովը:
 
«Ուրախ էի հանդիպել մարդկանց, ովքեր ոչ միայն ցանկանում են սովորել այլև՝ անում են դա»,- ասաց  Ալեքսանդր Ալեքսանդրովը:
Մասնագետի խոսքով՝ կինոլոգի աշխատանքի հիմքը պետք է հանդիսանա շների ճիշտ ընտրությունը և վարժեցումը: 
 
«Այս ոլորտում մասնագետների ուսուցումը և շների վարժեցումը պետք է կրի շարունակական և անընդհատ բնույթ: Եթե կինոլոգի և իր անբաժան գործընկերոջ՝ շան գիտելիքները և ունակությունները տարիներ
շարունակ չկիրառվեն և մի օր փրկեն անգամ մեկ մարդու կյանք, ապա մեր ջանքերն ապարդյուն չեն լինի»,-նշեց Ալեքսանդր Ալեքսանդրովը:
 
Հետախույզ-կինոլոգներին  ունակությունների և գիտելիքների կիրառման անհրաժեշտության բացակայություն մաղթեց նաև Արկադի Բալյանը:
«Տա Աստված, որ ձեր գիտելիքները երբեք չկիրառվեն, հաջողություն ձեզ և ամենայն բարիք»,- նշեց Արկադի Բալյանը:  
 
ԱԻ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն հայտնեց ՌԴ-ից ժամանած մասնագետներին բեղուն և արդունավետ աշխատանքի համար:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 508 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար