Վիգեն Քոչարյանը մասնակցել է Հայաստան-Եվրոպական միություն Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին

14-06-2019 19:00:09   | Բելգիա  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Ս.թ. հունիսի 13-ին Բրյուսելում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է Հայաստան-Եվրոպական միություն Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին: Նիստը վարում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: 
Նիստին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է դատաիրավական ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ռազմավարական քաղաքականության մշակման գործընթացներին: 
 
Անդրադառնալով դատական
և իրավական բարեփոխումների ազգային օրակարգին՝ արդարադատության նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը և քաղաքական կամքը ՀՀ սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան դատական համակարգի վճռական և արմատական բարեփոխումների իրականացման հանդեպ: Վ. Քոչարյանը ընդգծել է, որ բարեփոխումներն ուղղված կլինեն արդարադատության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի ապահովմանը, կնպաստեն իրապես անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կայացմանը՝ նպատակ ունենալով վերականգնել վերջինիս հանդեպ հանրության վստահությունը:
 
Իր խոսքում Վիգեն Քոչարյանը ողջունել է 2018թ. սեպտեմբերին արդարադատության ոլորտում բարձր քաղաքական երկխոսության մեկնարկը Հայաստանի և ԵՄ-ի միջև: Բարձր գնահատելով նմանօրինակ հարթակի ստեղծումը՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմին արդարադատության ոլորտին տրամադրվող տեխնիկական և ֆինանսական աջակցության համար և վերահաստատել պատրաստակամությունը խորացնելու և ընդլայնելու առկա սերտ համագործակցությունը:  
 
Նիստի արդյունքներով Խորհուրդը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որով Խորհուրդն ընդգծել է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Խորհուրդն ողջունել է ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը` Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։ 
 
  ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 539 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար