Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

17-06-2019 18:07:35   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի:
 
Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար այցելել են Երուսաղեմ և այժմ մինչև վերադառնալը ցանկանում են նաև
հաղորդակցվել  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբությանն ու զորությանը և ստանալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը: Այցից իրենց տպավորությունները ներկայացրին նաև ուխտավորները:
 
Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով հայորդիներին, անդրադարձ կատարեց տարեսկզբին Ավստրալիա կատարած իր  հովվապետական այցին` փաստելով հայ համայնքի հայաշունչ և եկեղեցասեր կյանքի մասին: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց Մելբուռնի հայ համայնքի համախմբվածությունն իրենց հոգևոր հովվի շուրջ` նշելով, որ հոգևորականի այդչափ սիրված լինելն է երաշխիքը համայնքի պայծառության և հայկական ինքնության պահպանության:
 
Զրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը կարևորեց երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքում և դրան միտված բազմապիսի ծրագրերի իրականացումը: 
 
Վեհափառը վստահությամբ արձանագրեց, որ այս ճամփորդությունն առավել պետք է զորացնի հայորդիներին իրենց հավատքի մեջ, որպեսզի վերադառնալուն պես առավել նախանձախնդրությամբ շարունակեն իրենց ազգային առաքելությունը և բարի օրինակ լինեն իրենց զավակների համար:
 
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտավորներին մաղթեց, որ Աստված նորոգի նրանց ուխտը՝ մշտապես պահելով Իր սիրո և խնամքի ներքո:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 462 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար