Տվյալագիտությունը կօգնի Սևծովյան տարածաշրջանում գործող բիզնեսներին բարելավել իրենց տնտեսական գործունեությունը

19-06-2019 11:40:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՍԾՏՀ (Սևծովյան տնտեսական համագործակցություն) նախագծերի խրախուսման կառույցի հետ համատեղ մեկնարկում է նոր ծրագիր, որի նպատակն է մշակել մեծ տվյալների (Data-driven) հենքով տեխնոլոգիական լուծումներ այնպիսի ոլորտների ձեռնակությունների համար, ինչպիսիք են՝ հեռահաղորդակցությունը, ֆինանսաբանկային համակարգը, տրանսպորտը, մանրածախ վաճառքը, տրանսպորտը, էլեկտրոնային առևտուրը և այլն։ 
 
Ներկայումս տվյալները ցանկացած բիզնես ոլորտի շարժիչ ուժն են։ Բիզնեսի տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերությունները փորձում են հնարավորինս արդյունավետորեն օգտագործել իրենց ունեցած տվյալները՝ տարբեր բիզնես որոշումներ իրականացնելու համար։ Ավելին` տվյալների խորը ուսումնասիրության արդյունքում կարելի է ազդել հաճախորդների որոշումների վրա՝ ընտրել ավելի համապատասխան պրոդուկտ, հնարավոր է հաճախորդների պահվածքն ավելի լավ հասկանալ, օպտիմալացնել ներքին պրոցեսները, ինչպես նաև կազմակերպել ավելի թիրախավորված մարքեթինգային  արշավներ։
 
Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում, այս ոլորտը զարգացնելու համար՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը նախաձեռնում է մեծամասշտամբ ծրագիր, որը կներառի
ինչպես հմտությունների զարգացման բաղադրիչ, այնպես էլ պրոդուկտի/ծառայության նախատիպերի/prototype/ մշակում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է անվճար իրականացնել տվյալագիտության վերապատրաստման դասընթացներ սկսնակ ծրագրավորողների համար։ Այն բաղկացած կլինի սեմինարներից, որոնք կվարեն փորձառու միջազգային մասնագետներ այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են՝ Yandex-ը, Microsoft-ը և այլն: Ծրագրի ընթացքում գործնականում կմշակվեն տվյալահեն լուծումների նախատիպեր։ Տեխնոլոգիական լուծումները կիրառելի կլինեն տարածաշրջանի այլ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանի դաշնությունում, Մոլդովայում և Վրաստանում։ Ծրագրի շրջանակում պրոդուկտների ղեկավարները և բիզնեսի զարգացման գծով մասնագետները կվերլուծեն տարբեր ոլորտներում առկա բացերն ու խնդիրներն և կհամագործակցեն այն բիզնեսների հետ, որոնք հետաքրքրված են ծրագրի գործողություններից օգուտ ստանալ՝ կատարելով զրոյական ներդրում։ 
 
«Ներկայումս տվյալագիտությունը մեծ ազդեցություն ունի բիզնեսի բոլոր ոլորտների վրա և նրանց տալիս է լուրջ մրցակցային առավելություն։ Այսօր տվյալագիտության միջոցով բիզնեսը կարող է իմանալ, թե հաճախորդը ինչ տեսակի պրոդուկտ/ծառայություն է ուզում և երբ։ Բազմաթիվ բիզնես և գործառնական գործընթացներ կարելի է օպտիմիզացնել՝ ուղղակի ուսումնասիրելով տվյալները և հայտնաբերելով բիզնես գործընթացներում առկա թերությունները։ Իսկ դրան հասնելու համար ընկերություններին պարզապես անհրաժեշտ են ճիշտ գործիքներ և ճիշտ գործընկերներ», - նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
 
Ծրագիրը պատրաստ է համագործակցել այն ընկերությունների հետ, որոնք կարևորում են տվյալների հիման վրա որոշումների կայացումը, սակայն ընկերության ներսում չունեն հնարավորություն՝ առկա տվյալների «պոտենցիալը» ի շահ բիզնեսի օգտագործելու համար։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը ներկայումս ընդունում է համագործակցության առաջարկներ ֆինանսաբանկային, տրասնպորտի, մանրածախ առևտրի,
հեռահաղորդակցության, e-commerce և այլ  ոլորտների ընկերություններից։ Այդ ընկերությունների կարիքները և խնդիրները ուսումնասիրելուց հետո տվյալների մասնագետների թիմերը կաշխատեն սահմանափակ քանակով ընկերությունների հետ նրանց կարիքներին համապատասխան տեխնոլոգիական լուծումների մշակման ուղղությամբ։ Ծրագրի կողմից ընտրված ոլորտները գրեթե նույն  են ամբողջ տարածաշրջանի համար, և լուծումները ունեն մեծ պոտենցիալ՝ կիրառելի դառնալու տարածաշրջանի այլ երկրներում։
 
Ծրագիրը շուտով կսկսի նաև հավաքագրել սկսնակ ծրագրավորողների, ովքեր հետաքրքրված են տվյալագիտությամբ և տվյալահեն լուծումների գործնական մշակմամբ։ Ծրագիրը պատրաստ է համագործակցել համալսարանների հետ և ներգրավել իրենց ուսանողներին։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 397 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար