Փորձություն հայ-ռուսական հարաբերությունների որակի համար

19-06-2019 18:40:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի հանդիպումը ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ և հայկական կողմի արձագանքն այդ հանդիպմանը վկայում են, որ հայ-ռուսական հարաբերություններում կան լրջագույն սուր անկյուններ։ 
 
Ի՞նչ է տեղի ունեցել
 
Հունիսի 13-ին՝ հինգշաբթի օրը, հայտնի դարձավ, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հունիսի 14-ին ՌԴ դեսպանատան կայքը պարզաբանեց, որ հանդիպումը տեղի է ունեցել դեսպանի՝ հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումների շրջանակում:
 
Արդեն հունիսի 17-ին՝ երկուշաբթի օրը, Հայաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ հակասական կարծիքներ հայտնեցին տեղի ունեցածի կապակցությամբ։ Մասնավորապես, ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը հայտնեց, որ Երևանը խնդիր չի տեսնում դեսպանի քայլի մեջ։ Փոխնախարարի խոսքով, դիվանագիտական արարողակարգի և նորմերի շրջանակներում դեսպանը որևիցե սխալ արարք չի գործել, այն չի կարող դատապարտելի կամ հատուկ քննության առարկա դառնալ։
 
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, սակայն, ավելի ուշ հայտնեց, որ չի ողջունում ՌԴ դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ, քանի որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքները նրան դուրս են դնում մաքուր քաղաքական դաշտից, և այդ հանդիպումը չի կարող դիտարկվել որպես դեսպանի սովորական հանդիպում քաղաքական դաշտի ներկայացուցչի հետ։
 
Նույն օրը՝ ավելի ուշ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ դեռևս ուրբաթ օրը ՀՀ-ում ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, և տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։
Միջպետական հարաբերություններում դեսպանին ԱԳՆ կանչելը բավական ընդունված քայլ է, որով կողմերից մեկն իր մտահոգությունն ու դժգոհությունն է հայտնում մյուս կողմին որևէ խնդրի կապակցությամբ։ Հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ, սակայն, այս երևույթը բացառիկ է, և նույնիսկ սպառազինությունների մատակարարմանն առնչվող ռուս-ադրբեջանական գործարքների ժամանակ Հայաստանում ՌԴ դեսպանը երբեք չի կանչվել ԱԳՆ։
 
Հարկ է, թերևս, նկատել նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները և այդ հարաբերություններում առկա խնդիրները մշտապես կարգավորվել են երկրների առաջին դեմքերի մակարդակով, և այս դեպքը, մեծ հաշվով, դուրս է նաև այդ կանոնից, քանի որ ՀՀ ԱԳՆ-ն սովորաբար չի միջամտում խնդրահարույց հարցերում։
 
Ստեղծված իրավիճակը, ըստ այդմ, բացառիկ է, և վկայում է հայ-ռուսական հարաբերություններում առկա բավական լուրջ շարժերի մասին։
Ի՞նչ է տեղի ունենում
 
Չնայած թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ նոր իշխանությունների հավաստիացումներին, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և Հայաստանը չի պատրաստվում փոխել իր արտաքին քաղաքական ուղղությունը, որոշակի լարվածություն, այնուամենայնիվ, նկատվում է։
 
Ընդ որում, ուշագրավ է, որ այդ լարվածության պատճառները ոչ թե ինչ-ինչ պայմանավորվածությունների կամ փոխադարձ պարտավորությունների խախտումներն են, այլ կոնկրետ անձանց հետ կապված կոնկրետ խնդիրներ։
 
Մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների փշոտ կողմերից է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ ՊՆ նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը, որը հիմա Ռուսաստանում է և լինելով ՌԴ քաղաքացի՝ չի կարող արտահանձնվել հայկական կողմին։ Փշոտ կողմերից է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը, որը սերտ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Փշոտ կողմերից է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, կոռուպցիոն գործով մեղադրվող Միհրան Պողոսյանը, որին Ռուսաստանը մինչ օրս չի արտահանձնել Հայաստան։
 
Այս
բոլոր դեպքերն իրենց հստակ ազդեցությունն են թողնում հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Ընդ որում, այդ ազդեցությունն այնքան մեծ է, որ աստիճանաբար ձևափոխում է հայ-ռուսական միջպետական շփումների ձևաչափն ու նոր երանգներ հաղորդում հարաբերություններին։ Այս ֆոնին, թերևս, պակաս ուշագրավ չէ հունիսի սկզբին ՄԱԿ-ում Վրաստանի նախաձեռնած «հակառուսական» բանաձևի քվեարկությունը, որի ժամանակ Հայաստանը, ի հեճուկս ձևավորված ավանդույթի, չքվեարկեց Ռուսաստանի օգտին։
 
Ընդհանուր առմամբ, սակայն, տեղի ունեցողի վերաբերյալ հիմնական մտահոգությունները կապված են հայ-ռուսական դարավոր, ավանդական ու դաշնակցային հարաբերությունների որակի հետ։ Եթե այդ հարաբերությունների որակն իրոք բարձր է, ապա նման լարվածությունների ու անախորժությունների արդյունքում երկկողմ հարաբերությունները կբերվեն մի նոր՝ ավելի բարձր մակարդակի, քանի որ կձևավորվի ցավոտ հարցերը ոչ թե շրջանցելու, այլ լուծելու պրակտիկա։ Սակայն եթե հարաբերությունների որակը բարձր չէ, ինչպես ընդունված է համարել, ապա այսպիսի (նույնիսկ կոնկրետ անձանց հետ կապված) «միջադեպերի» հետևանքով հարաբերությունները գնալով ավելի կսառեն ու կլարվեն՝ առաջացնելով անկանխատեսելի հետևանքներ բոլոր կողմերի համար։
 
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 538 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար