Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ

20-06-2019 10:55:06   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Վաշինգտոնում հունիսի 19-ին կայացավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ: Ինչպես տեղեկացրեցին լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները գոհունակությամբ նշեցին հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի հաստատումը, որը ամուր հիմք է երկկողմ օրակարգի շարունակական հարստացման և ընդլայնման, քաղաքական երկխոսության ամրապնդման համար:
 


Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններով պայմանավորված բարեփոխումների ընդգրկուն օրակարգը և այդ ուղղությամբ ընթացող համագործակցությունն առաջ մղելու փոխադարձ պատրաստակամությունը:
 
Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկեցին միջազգային և տարածաշրջանային
մի շարք արդիական հարցեր: Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց գլոբալ և տարածաշրջանային գործընկերների հետ  շարունակական համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի անվտանգության օրակարգի ամրապնդմանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը նպաստող ներառական տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի խթանման կարևորությունը:
 
Զրուցակցի խնդրանքով նախարար Մնացականյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա վիճակին, այս առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշման և մոտեցումներին, ինչպես նաև հունիսի 20-ին կայանալիք հանդիպման օրակարգում Հայաստանի գերակայություններին:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 444 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար