Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մատաղ է անում Վահեի ոտքերի տակ. Սամվել Ալեքսանյան

20-06-2019 14:17:18   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հունիսի 19-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Աջափնյակ» նստավայրում նշանակված էր դատական նիստ թիվ ԵԴ/16392/02/18 քաղաքացիական գործով (հայցվոր՝ Վահե Ա. Հակոբյան, պատասխանողներ՝ Սամվել Ալեքսանյան, «Սյունյաց աշխարհ» եւ «Նոյյան Տապան» ՍՊ ընկերություններ):
 


Սակայն նշանակված ժամին՝ 14:10-ին, պարզ է դարձել, որ գործի վարույթն իրականացնող դատավոր Գրիգորի Վարդանյանը չկա ու չկա, եւ չեն կարողանում գտնել, թեեւ նույն օրն առավոտյան աշխատավայր էր ժամանել ու այլ գործով դատական նիստ վարել:
 
Պատասխանող Սամվել Ալեքսանյանը նստավայրի աշխատակիցների միջոցով փորձել է պարզել ստեղծված աննախադեպ ու արտառոց վիճակը, սակայն ստացել է իրարամերժ պատասխաններ:
 
Ժամը 15:00-ի սահմաններում «Աջափնյակ» նստավայրի պատասխանատուն ներողություն է հայցել Սամվել Ալեքսանյանից՝ ստեղծված ոչ սովորական իրավիճակի համար եւ տեղեկացրել, որ այդ կապակցությամբ քիչ առաջ իր մոտ է հրավիրել տվյալ դատավորի աշխատակազմի ներկայացուցիչներին՝ պահանջելու պարզաբանում:
 
Նստավայրի պատասխանատուն մեզ տեղեկացրել է նաեւ, որ քիչ առաջ իրեն հաջողվել է հեռախոսով կապվել դատավոր Գրիգորի Վարդանյանի հետ, ով էլ ասել է, թե անձնական ինչ-ինչ խնդիրների մեջ է հայտնվել, որի մասին չի կարող ասել:
 
Մեր եւ նստավայրի պատասխանատուի միջեւ խոսակցությունից րոպեներ առաջ դատավոր Գրիգորի Վարդանյանի աշխատակազմից մի կին հեռախոսով մեզ տեղեկացրել էր, որ նշանակված դատական նիստը (գործի քննությունը) հետաձգելու միջնորդություն է ներկայացվել հայցվորի ներկայացուցչի կողմից, որն էլ բավարարվել է:
 
Իսկ երբ հիշեցրինք, որ գործի քննությունը հետաձգելու մասին հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը միայն ու միայն դատական նիստով կարելի է բավարարել (այն էլ պատասխանողի դիրքորոշումը լսելուց հետո), անտեսանելի տիկինը հեռախոսափողը ցած է դրել:
 
***
 
Այդ ամենը միգուցե եւ վրիպակների ու թյուրիմացությունների շարքի տպավորություն թողներ, եթե…
 
Դեռեւս հունիսի 18-ին՝ օրվա երկրորդ կեսին (նշանակված դատական նիստից ժամեր առաջ), պատասխանող Սամվել Ալեքսանյանն ու «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն ստացել են հայցվոր Վահեի ներկայացուցիչ Արամայիս Մելքոնյանի՝ դատարան ներկայացված միջնորդության պատճենը՝ գործի քննությունը հետաձգելու մասին:
 
Հայցվորի ներկայացուցիչը տեղյակ էր պահում՝ «հնարավոր է, որ հայցվորի ներկայացուցիչը… 2019 թ. հունիսի 19-ից 25-ը (ներառյալ) բացակայի Երեւան քաղաքից եւ Հայաստանի Հանրապետությունից ու հնարավորություն չունենա մասնակցել դատական նիստին»:
 
Իհարկե, դա հայցվորի իրավունքն է եւ հիմնված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի
հոդված 156-ի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի վրա, ուստի եւ  չենք վիճարկում:
 
Այդ միջնորդությունը ստանալուց հետո (հունիսի 18-ի օրվա երկրորդ կեսին) փորձեցինք դատավորի աշխատակազմից ճշտել՝ հունիսի 19-ին տեղի կունենա՞ նշանակված դատական նիստը, թե՞ ոչ:
 
Մոտ քսան անգամ զանգահարեցինք տվյալ դատավորի աշխատակազմ, եւ միայն մեկ անգամ պատասխանեցին: Ներկայացրինք մեր ասելիքը, խոստացան մեկ ժամից ստույգ պատասխանել: Մեկ ժամից հետո, սակայն, հեռախոսազանգերին պատասխանող չկար:
 
Զանգահարեցինք նույն նստավայրի մեկ այլ հեռախոսահամարով:
 
Հաջողվեց ստանալ պատասխան՝ դատական նիստը չի կարող տեղի չունենալ, իսկ գործի քննությունը հետաձգելու միջնորդությունը միայն դատական նիստում կմերժվի կամ կբավարարվի:
 
Նշանակված դատական նիստի լինել-չլինելու խնդիրը սրվել է նաեւ այն պատճառով, որ դատավորի աշխատակազմը, հակառակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխում սահմանված կանոնների, պատասխանողներին ծանուցագիր չէր ուղարկվել կայանալիք դատական նիստի մասին, թեեւ datalex.am-ում նշված է, որ մեզ ծանուցագիր է ուղարկվել:
 
Եվ այդ ամենից հետո Կապանից ճանապարհվեցինք Երեւան՝ նշանակված դատական նիստին որպես պատասխանող մասնակցելու…
 
***
 
Իրավիճակի անհեթեթությունը լիովին պատկերացնելու համար նշենք, որ տվյալ գործի դատաքննության ընթացքում մինչեւ հունիսի 19-ի արտառոցությունը նույնպես թույլ էին տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի բազմաթիվ խախտումներ, թույլ էին տրվել քայլեր, որոնք նախագահող դատավորի վարքագծում կանխակալության բաղադրիչ էին ցուցանում:
 
Նախ՝ դեռեւս չհիմնավորված պատճառաբանությամբ նախագահող դատավորը
մերժել էր մեր երկու միջնորդությունը՝ նախնական դատական նիստերը հետաձգելու վերաբերյալ՝ դրանով իսկ զրկելով պատասխանողներին ՝ իրացնելու իրենց իրավունքները:
 
Այնուհետեւ՝ դատարանը 2018 թ. դեկտեմբերի 21-ին կատարել էր ապացուցման պարտականությունների բաշխում՝ շրջանցելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված հարցերի քննարկումը:
 
Այնուհետեւ՝ դատարանը 2019 թ. փետրվարի 13-ին կայացրել է որոշում՝ գործը դատաքննության նշանակելու մասին՝ անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ նախնական դատական նիստում քննարկվող հարցերի շրջանակը:
 
Եվ այսպես հասել ենք դատաքննության փուլ…
 
***
 
Ի՞նչ զարգացումներ էին սպասվում հունիսի 19-ին նշանակված դատական նիստում:
 
Տվյալ գործով վերջին՝ մայիսի 7-ի նիստում էինք դեռեւս պայմանավորվել, որ հաջորդ դատական նիստում (հունիսի 19-ին) պատասխանող Սամվել Ալեքսանյանը կներկայացնի միջնորդություն՝ տվյալ քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին, քանի որ հայցվոր Վահե Հակոբյանն առնչվում է քաղաքացիական, քրեական դատավարության կարգով քննվող տասներկու գործի, որոնց վերաբերյալ առայժմ չկան եզրափակիչ ակտեր, ինչն անհնարին է դարձնում թիվ ԵԴ/16392/02/18 քաղաքացիական գործի քննությունը:
 
Հունիսի 19-ի դատական նիստում, մինչեւ կասեցման մասին միջնորդություն ներկայացնելը, պետք է քննարկվեր մեր մեկ այլ միջնորդություն՝ տվյալ գործով հայցային վաղեմություն կիրառելու մասին, քանի որ հայցվոր Վահե Հակոբյանը բաց է թողել հայցային վաղեմության՝ օրենքով սահմանված ժամկետը:  
 
***
 
Եվ, այդ բոլորով հանդերձ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ո՞ր կանոնակարգումն է խախտել դատավոր Գրիգորի Վարդանյանը՝ ձախողելով հունիսի 19-ին նշանակված դատական նիստը:
 
Դատավորը հայցվորի ներկայացուցչի միջնորդությանը՝ գործի քննությունը հետաձգելու մասին, ընթացք է տվել՝ անտեսելով նույն օրենսգրքի 156-րդ հոդվածով ամրագրված պահանջները:
 
Եվ, ինչպես արդեն նշեցինք, հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը նա պարտավոր էր քննության առնել միայն ու միայն դատական նիստում՝ պատասխանողի դիրքորոշումը լսելուց  հետո:
 
Դատարանը պետք է գնահատական տար՝ արդյո՞ք հարգելի են հայցվորի ներկայացուցչի՝ դատաքննությունը հետաձգելու միջնորդության պատճառները, թե՞ շինծու են եւ նպատակ ունեն ձգձգել սույն գործի քննությունը:
 
Իսկ վերջում՝ «Գործի քննությունը հետաձգելու մասին դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում, որում նշվում են հաջորդ դատական նիստի ժամանակը եւ վայրը» (հոդված 165, 2-րդ մաս), որը նույնպես անտեսվել է դատավորի կողմից:
 
***
 
Մենք սպասում ենք, որ դատավոր Գրիգորի Վարդանյանը դատական հաջորդ նիստում (կամ մինչ այդ) կներկայացնի տեղեկանք առ այն, թե որտեղ է գտնվել 2019 թ. հունիսի 19-ի ժամը 14-ից մինչեւ 15:00, ի՞նչ պատճառով է անհնարին եղել իր մասնակցությունը նշանակված դատական նիստին, ինչո՞ւ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը չի քննարկել օրենքով սահմանված կարգով, ինչի՞ հիման վրա է հետաձգել դատաքննությունը:
 
Մենք սպասում ենք նաեւ, որ հայցվոր Վահեի ներկայացուցիչը պատկան մարմիններից կներկայացնի տեղեկանք առ այն, որ ինքը 2019 թ. հունիսի 19-ից առաջ հատել է ՀՀ պետական սահմանը եւ դուրս եկել երկրի տարածքից, ինչի համար էլ ներկայացրել է դատաքննությունը հետաձգելու միջնորդություն:
 
Հակառակ պարագայում ստիպված կլինենք եզրակացնել, որ հունիսի 19-ի դատական նիստի ձախողումը նախապես ծրագրված ձեռնարկում է եղել:
 
Ստիպված կլինենք արձանագրել նաեւ, որ տվյալ գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատաքննությանը խոչընդոտելու գործողություն, տեղի է ունեցել դատական իրավունքի չարաշահում:
 
Իսկ այդ ամենը կնշանակի, որ  «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի ուժով դատավոր Գրիգորի Վարդանյանն այլեւս բարոյական իրավունք չի ունենա իրականացնել տվյալ գործով դատական վարույթ եւ, չսպասելով մեր միջնորդությանը, ինքնաբացարկ կհայտնի…
 
Սամվել Ալեքսանյան
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1843 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար