Ինչ է ծրագրվում Արցախի հարցում. Երկու կարեւոր ազդակ Վաշինգտոնից

20-06-2019 17:12:47   | Հայաստան  |  Վերլուծություն
Հայաստանը շարժվում է այն ռազմավարությամբ, որի մասին մարտի 12-ին հայտարարվել է Ստեփանակերտում տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստում, խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հունիսի 19-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 


Հունիսի 20-ի հանդիպումից առաջ վարչապետ Փաշինյանը փաստացի կատարել է կարեւոր արձանագրում-հիշեցում՝ մարտի 12, Ստեփանակերտ, որտեղ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ պատմական նիստում հնչեցվել է Հայաստանի նոր քաղաքականությունը Արցախի հարցում:
 
Այն հնչեցվել է իհարկե դիվանագիտական ոճի մեջ, ոչ ուղղակի, սակայն ազդարարելով մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու հայկական կողմի քաղաքականությունը:
 
Միաժամանակ, դա գործնականում խաղաղության քաղաքականությունն է, կամ առնվազն դրա ճանապարհը, որովհետեւ հակառակ պարագայում այդ տրամաբանության պահպանումը ական է արցախյան հարցի քաղաքական գործընթացի ներքո: Ական, որի վրա կարող է պայթել հարաբերական խաղաղությունը: Այդ սկզբունքները կամ տրամաբանությունը, որը ենթադրում է «տարածք» ինչ որ բանի դիմաց բանաձեւ, եւ խոշոր հաշվով արդեն սկզբունքային նշանակություն չունի, թե ինչի դիմաց, Ադրբեջանի «պատերազմի իրավունքի» լեգիտիմության բազան են, որը կարող է աշխույժ կամ պասիվ ռեժիմում լինել, սակայն առկա է միշտ:
 
Հետեւաբար, այդ տրամաբանությամբ մշտապես առկա է ռազմական շանտաժի հենքը, ըստ այդմ խաղաղությունն է գտնվում պատերազմի ենթակայության ներքո, ոչ թե հակառակը:
 
Ըստ այդմ հարցն այն է, թե ո՞վ է արցախյան հարցում պատերազմի, եւ ով խաղաղության ռազմավարության կամ փիլիսոփայության կրողը՝ Հայաստան-Արցախից
եւ Ադրբեջանից բացի, որովհետեւ Հայաստան-Արցախի դեպքում հստակ է խաղաղության փիլիսոփայությունը, իսկ Ադրբեջանի դեպքում՝ պատերազմի:
 
Այստեղ էական նշանակություն է ստանում, թե ում նժարը կծանրացնեն համանախագահները, որոնք հայտարարել են պատերազմ թույլ չտալու կոնսենսուսի մասին, սակայն չունեն կոնսենսուս թույլ չտալու այսպես ասած ինստիտոցիոնալ, այսինքն երկարաժամկետ մոդելի կամ մեխանիզմի շուրջ: Այլ կերպ ասած՝ չունեն կոնսենսուս խաղաղությունը պատերազմի ենթակայությունից հանելու եւ պատերազմը խաղաղության ենթակայության ներքո դնելու մոդելի շուրջ:
 
Այդ կոնսենսուսը ձեւավորելը պահանջելու է բավական բարդ ու տեւական աշխատանք, որի առաջին շահագրգռված կողմը, իսկ գուցե միակը՝ Հայաստան-Արցախն է: Այստեղ աներկբա է, որ աշխատանքը ենթադրում է երկու առանցքային հանգամանք կամ բաղադրիչ՝ Հայաստանի ինքնիշխանություն եւ ազգ-բանակի մարտունակություն ու պաշտպանունակություն, եւ արտաքին քաղաքականություն լայն համատեքստում, ոչ միայն զուտ Արցախի հարցում:
 
Այդ իմաստով, վարչապետ Փաշինյանն էլ խորհրդարանի ամբիոնից արձանագրել է լայն համատեքստի նշանակությունը: Ի վերջո, Արցախի խնդիրը երբեք էլ չի եղել լոկ Արցախի խնդիր կամ հակամարտություն, այն մեծ հաշվով աշխարհակարգային առանցքային գործոններից է եւ լինելու է այդպիսին, ըստ այդմ այստեղ հայկական քաղաքականության արդյունավետությունը պետք է գնահատվի լայն համատեքստով:
 
Այդ տեսանկյունից, Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում դրսեւորել է բազմավեկտոր աշխուժություն. թե ռուսական-եվրասիական ուղղությամբ դնելով հարցեր, որոնց մասին նախկինում եղել են միայն վախվորած ելույթներ, կամ ելույթներ, որոնք հնչել են միայն դանակը ոսկորին հասնելուց հետո, աշխուժություն թե Իրանի ու Վրաստանի, թե քաղաքակրթական դաշնակիցներ Կիպրոսի եւ Հունաստանի ուղղությամբ՝ եռակողմ խորքային ձեւաչափի նախաձեռնությամբ: Հայաստանն ուշագրավ
երկխոսություն է սկսել Չինաստանի հետ, համենայն դեպս դատելով այն ուղերձներից, որ այդ երկրի նախագահը հայկական հարցի համատեքստում հնչեցրել է Նիկոլ Փաշինյանի հետ Պեկինի հանդիպմանը: Հայաստանը պետականորեն վերադարձել է մերձավորարեւելյան գոտի եւ դարձյալ՝ խաղաղության ու մարդասիրության փիլիսոփայության քաղաքական հենքով:
 
Երեւանը Վաշինգտոնի հանդիպման է «մեկնում» այդ պաշարով եւ արձանագրումներով, դրան ընդառաջ նաեւ ստացած լինելով խաղաղության փիլիսոփայության երկու ուշագրավ ազդակ Վաշինգտոնից: Մեկը՝ Ջոն Բոլթոնի թվիթերյան գրառումը խաղաղության առաջմղման ԱՄՆ պատրաստակամության մասին: Խորքային առումով դա իրական քաղաքականության ռեժիմում կարող է համադրելի լինել Ստեփանակերտում մարտի 12-ին բարձրաձայնված հայկական ռազմավարությանը, որն առաջարկում է խաղաղությունը կառուցել հիմքից, այսինքն Ադրբեջանին «ռազմական շանտաժի» կամ «պատերազմի լեգիտիմության» բազա տվող մադրիդյան տրամաբանությունից հրաժարվելով: Այլ կերպ խաղաղություն առաջ տանելը գործնականում անհնար է, եւ թերեւս Ջոն Բոլթոնն այն մասնագետն է, որը չափազանց լավ է պատկերացնում ռեգիոնալ այդ տրամաբանությունը եւ դասավորությունը:
 
Երկրորդ ազդակը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հավանությունը ստացած որոշումն է՝ Արցախին հատկացնել 1,5 միլիոն դոլար՝ մարդասիրական ականազերծման նպատակների, այլ կերպ ասած խաղաղ կյանքի ապահովման համար:
 
Հակոբ Բադալյան
Մեկնաբան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1619 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար