Տիգրանակերտում վառվել է Համահայկական 7-րդ խաղերի երրորդ ջահը

24-06-2019 14:49:48   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 

Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռք եռամիասնության խորհրդով Համահայկական ամառային 7-րդ խաղերի երրորդ ջահը վառվեց Ացախի Տիգրանակերտում:
 
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, այլ բարձրաստիճան հյուրեր: Պարգև սրբազանն արարողության կարևորությունն ընդգծեց հայի ինքնությունը շատ բարձր պահելու առումով։ 
«Նման միջոցառում Արցախում անցկացնելը շատ մեծ նշանակություն ունի: Մենք ոգեկոչում ենք անցյալի փառքն ու նշում ներկայի ձեռքբերումները, արցախյան
հաղթանակները: Սերունդների համար կարևոր ձեռքբերում է սա»,- ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
 
Համահայկական 7-րդ ամառային խաղերի երրորդ ջահը վառեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից, Մարտական խաչի ասպետ, պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ Արթուր Աղասյանը: 
 
«Հպարտության և պատասխանատվության շատ բարձր զգացումով եմ առաջնորդվել։ Այս ամենը պարտավորեցնող է, կարևոր խորհուրդ ունի իր մեջ»,- ասաց Աղասյանը:
 
Համահայկական խաղերի ջահի վառման միջոցով մեր ուժն ու կամքը ևս մեկ անգամ դրսևորող դրվագներում մասնակցող տղաների համար հայրենասիրական, ուսուցանող պատգամ է այս միջոցառումը։
 
«Ես ինձ ակամա զգում էի Տիգրան Մեծի զինվոր, կարծես ճամփորդում էի պատմության մեջ: Համահայկական խաղերի ՝ Արցախում նույնպես անցկացնելը շատ բարձր ոգի է հաղորդելու բոլորիս: Մենք ցուցադրում ենք մեր ուժն ու միասնականությունը»,- ասաց զինվորներից մեկը:
Հայաստանի Հանրապետությունը, Արցախն ու Սփյուռքը խորհրդանշող ջահերից առաջինը
վառվեց մեր պատմական հայրենիքում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը՝ Խոր Վիրապում, երրորդը՝ Արցախի Տիգրանակերտում։ Օգոստոսի 6-ն՝ խաղերի բացման օրը, Ստեփանակերտում երեք ջահերով կվառվի հիմնականը։ Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-17-ը՝ Արցախում և Հայաստանի Հանրապետությունում, խաղերի կարգախոսն է. «Միասնություն՝ սպորտով»:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 300 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար