«Արցախը պետք է ունենա սեփականության համապատասխան զգացում». Նախարար Մնացականյանի նոր ձեւակերպումը

24-06-2019 14:54:36   | Հայաստան  |  Վերլուծություն
Արտգործնախարարի մի քանի հարցադրումները
 


Վաշինգտոնյան հանդիպումներից հետո արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը  երկակի տպավորություն է թողնում։ Մի կողմից նկատվում է ոչ թե պատասխանների, այլ հարցերի անհամեմատ  ավելի մեծ ծավալ, մյուս կողմից  որոշ ձեւակերպումներ թողնում են բավական կոնկրետ պատասխանների տպավորություն։  Անդրադառնանք մի քանիսին.
 
1. Նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ էության, հաստատում է, որ ընթանում են ղարաբաղյան հարցի շուրջ կոնկրետ բանակցություններ, եւ դրանք ընթանում են առանց Արցախի մասնակցության։ 
2. Նախարար Զոհրաբ Մնացականյանը փաստում է, որ Բոլթոնի հետ ունեցել են «ինտենսիվ, ներառական եւ շատ արդյունավետ բանակցություններ»։ Ռուսաստանի հետ հարաբերություններում նկատվող կամ կազմակերպվող տեսանելի սառնության պայմաններում,
Վրաստանում հակառուսական պոռթկման  ֆոնին, նման ձեւակերպումները, անշուշտ, չեն կարող շարքային համարվել։ Դրանք նվազագույնը լավ հաշվարկված չեն. Մնացականյանը Լավրովի հետ շատ ավելի հաճախ է հանդիպել, սակայն նման ձեւակերպումներ, կարծես, չեն եղել։ Ինչ վերաբերում է ներառական բանակցություններին, ապա ամենայն հավանականությամբ, խոսքը գնացել է ներհայաստանյան օրակարգի ձեւավորման շուրջ։ Եվ հարցը՝ «ո՞վ  է ձեւավորում Հայաստանի ներքին  օրակարգը»,  դարձյալ ուժի մեջ է։ Դժվար է պատկերացնել արդյունավետ հավասարակշռություն, երբ պետությունը գտնվում է այլ՝ մրցակից անվտանգության համակարգում, իսկ զարգացման ներքին օրակարագը, ինտենսիվ, ներառական քննարկումները ընթանում են  այլ տեղ։
3. Նախարար Մնացականյանը  նոր ձեւակերպում է դնում ու մի քանի անգամ շեշտում այն՝ «Արցախը պետք է ունենա սեփականության համապատասխան զգացում»։  Ծագում են կոնկրետ հարցեր՝ արդյո՞ք Երեւանից պարտադրվող պաշտոնանկությունները Արցախում նպաստում են այդ զգացումի ուժեղացմանը, թե Երեւանում հակաարցախյան տրամադրությունների խրախուսումն է ուժեղացնում դա։ Արցախում հեղափոխություն եւ հակահեղափոխություն, դավադիրներ  խաղացնե՞լն է սեփականության զգացումը մեծացնում։ 
4. Եվ վերջապես նախարար Մնացականյանը իր խոսքում կարծես թե 
շատ է մտահոգվում Ադրբեջանի շահերի եւ մտահոգությունների մասին, ինչը երբեք չի եղել եւ այսօր էլ փոխադարձ չէ։  Եվ նաեւ նախարար Մնացականյանը նորահայտ հաճույքով է անընդհատ շեշտում  «իմ գործընկեր Մամեդյարովը»  ձեւակերպումը, ինչը դարձյալ փոխադարձ  սեր չէ։ Կա մտավախություն, որ դրանից հետո ընկեր, իսկ ավելի հետո «եղբայր» կարգավիճակները անտրամաբանական չթվան։
 
 
Գեղամ Նազարյան
Այլընտրանքային նախագծեր խումբ 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 667 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար