Որեւէ մեկին թույլ չենք տալու սահմանադրական կարգի տապալման փորձ անել. Արայիկ Հարությունյան.«Հժ»

24-06-2019 17:40:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com  Արցախում նախագահական ընտրություններից 1 տարի առաջ արդեն թեժ ընտրապայքար է սկսել: Սա պայմանավորված է նրանով, որ առաջին անգամ Արցախի ընտրություններում ՀՀ-ն չի միջամտելու եւ չի փորձելու իր թեկնածուին առաջ տանել: Փոխարենը Արցախի ընդդիմադիր ուժերը կարծում են, որ Երեւանը պետք է միջամտի, որպեսզի ազատ եւ արդար ընտրություններ տեղի ունենան:
 


 
 
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության
նախագահ, Արայիկ Հարությունյանի հետ: Հիշեցնենք, նա եւս հայտարարել է, որ մասնակցելու է Արցախի նախագահի ընտրություններին:
 
 
- Պարոն Հարությունյան, ինչպես նկատում ենք՝ Արցախում 2020-ին նշանակված նախագահական ընտրություններից առաջ բավականին վաղ ակտիվ ընտրարշավ է սկսվել: Ինչո՞վ է սա պայմանավորված:
 
- Սկզբունքորեն չեմ կիսում Ձեր այդ միտքը, քանի որ Արցախում քաղաքական ուժերի կողմից ցուցաբերվող ակտիվությունը ես ընտրարշավ չեմ որակում: Գուցե որոշ դեպքերում, իսկապես, կարմիր գիծը հատողներ կան, բայց հակված եմ կարծելու, որ ընթացող բոլոր զարգացումները տեղավորվում են առկա քաղաքական կոնյուկտուրայի մեջ: Իհարկե, գործ ունենք որոշ առումով անսովոր իրավիճակի հետ, քանի որ գալիք տարի սպասվում են խորհրդարանական եւ նախագահական միաժամանակյա ընտրություններ, եւ գործող նախագահ Բակո Սահակյանը այլեւս չի առաջադրվելու: Հետեւաբար, քաղաքական նոր վերադասավորումներ են սպասվում, եւ հենց դրանով է պայմանավորված, որ քաղաքական ուժերը փորձում են վերադիրքավորվել՝ առաջացնելով որոշակի աշխուժություն, ինչը բնական է:
 
- Մի քանի անգամ ձեր ղեկավարած կուսակցությունը եւ Սամվել Բաբայանի գրասենյակը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին: Պատճառն անձնական վատ հարաբերություննե՞րն են, թե պարզապես քաղաքական պայքար է:
 
- Ես Սամվել Բաբայանի հետ ընդհանրապես որեւէ հարաբերություն չունեմ եւ չեմ էլ ունեցել: Ուստի, չեմ կարծում, թե անձնական տիրույթում են նրա եւ իր գրասենյակի կողմից իմ կամ իմ գլխավորած կուսակցության հասցեին
 
 պարբերաբար հնչող հայտարարությունները, որոնք հիմնականում իրականության հետ աղերս չունեն: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ քաղաքական նպատակներով բոլոր նախաձեռնությունները պետք է լինեն օրինականության սահմաններում, եւ, որպես առաջատար քաղաքական ուժ, այդ հարցում անզիջում պայքար ենք մղելու: Այս հարցում ունենք նաեւ հանրության լայն աջակցությունը, եւ թող ոչ ոք դրանում չկասկածի: Ատելության, կեղծիքի եւ հակաօրինական քայլերի բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որեւէ մեկին թույլ չենք տալու սահմանադրական կարգի տապալման փորձ անել:
 
- Ձեր հասցեին ժամանակ առ ժամանակ քննադատություններ են հնչում: Նշում են, որ դուք Արցախում տնտեսական մենաշնորհներ եք ստեղծել: Սա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:
 
- Երկար տարիներ լինելով Արցախի Հանրապետության վարչապետ՝ իմ գործունեության հիմնական սկզբունքներից է եղել մրցակցային եւ դիվերսիֆիկացված տնտեսության ստեղծումը: Արդյունքներն, իհարկե, ակնառու են, դրանց մասին բազմիցս խոսել ենք ու առաջիկայում անպայման կրկին կանդրադառնամ: Բայց կցանկանայի մեկ անգամ եւս ընդգծել, որ անցած տասնամյակում տնտեսության տարբեր ոլորտներում ստեղծվել են հարյուրավոր մասնավոր կազմակերպություններ, որոնց շնորհիվ իրական հատվածում կարողացել ենք ապահովել տնտեսական աճի բարձր տեմպեր: Սա է իրականությունը: Եթե այդ քննադատություններն ուղղված լինեին տնտեսության զարգացման գործում այս կամ այն սխալին, չհաջողված ծրագրերին, ես դրանք ըմբռնումով կընդունեի, քանի որ այդպիսիք եղել են ու դրանց մասին բարձրաձայնելուց երբեք չեմ խուսափել: Բայց երբ ինձ մեղադրում են այսպես կոչված մենաշնորհների ստեղծման կամ իմ կողմից դրանց խրախուսման մեջ, վստահ կարող եմ հայտարարել, որ դրանք հիմնազուրկ են: Ի վերջո, տնտեսության մեջ մենաշնորհների գոյությունը իրականության մեջ փաստելու համար օրինակներ են անհրաժեշտ, որոնց մասին այդ քննադատները, չգիտես ինչու, չեն խոսում:
 
- Ի՞նչ է առաջարկում «Ազատ հայրենիք» կուսակցությունը եւ նրա նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ընտրողին: Ինչո՞ւ ընտրել հենց ձեզ:
 
- Բոլոր առաջարկները փաստարկված կերպով նախընտրական ծրագրի միջոցով կներկայացնենք օրենքով սահմանված ժամկետներում: Ներկայումս համայնքներում պարբերաբար հանդիպումներ ենք ունենում բնակիչների հետ եւ ներկայացնում Արցախի ապագա զարգացման վերաբերյալ մեր կուսակցության տեսլականը: Այդ շրջանակում կազմակերպում ենք նաեւ տարբեր հանրային քննարկումներ, որոնց նպատակն է ունենալ նոր առաջարկներ՝ հետագա գործունեության ընթացքում տարբեր խնդիրների լուծման գործում դրանք կյանքի կոչելու համար:
 
- Կարծիքներ են հնչում, որ Հայաստանը պետք է ամեն գնով աջակցի, որպեսզի Արցախում ազատ, արդար
 եւ թափանցիկ ընտրություններ տեղի ունենան: Ունե՞ք նման կանխազգացում, որ առանց ՀՀ-ի աջակցության հնարավոր է կեղծիքներ կամ խախտումներ լինեն:
 
- Բարեբախտաբար, վերջին տարիներին Արցախում անցկացված բոլոր ընտրությունները եղել են ազատ եւ առանց կեղծիքների: Երկրում օրինական իշխանությունների ձեւավորման այս ճանապարհը Արցախի իշխանությունների համար եղել է սկզբունքային հարց, եւ ընտրությունից ընտրություն միայն առաջընթաց է արձանագրվել թե՛ տեղական եւ թե՛ միջազգային դիտորդների կողմից: Բնականաբար, ընտրական գործընթացն անընդհատ կատարելագործվելու խնդիր ունի, եւ կազմակերպչական, խորհրդատվական եւ այլ հարցերում ՀՀ մեր գործընկերների աջակցությունը մշտական բնույթ է կրում:
 
- Գալիք ընտրություններում ո՞ւմ եք համարում ձեզ հիմնական մրցակից:
 
- Անկեղծ ասած, դեռեւս շատ վաղ է այդ մասին մեկնաբանություններ անելը: Ճիշտ է՝ տարին նախընտրական է, բայց նախընտրական փուլին դեռ շատ կա: Ուստի, մենք այս օրերին զբաղված ենք միայն կուսակցական շինարարությամբ։
 
արդար  եւ
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 492 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար