Պուտինի նյարդային արձագանքը. Նիկոլ Փաշինյանի անվտանգային հավաքը

24-06-2019 18:19:16   | Հայաստան  |  Վերլուծություն
Հայաստանում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որը վերաբերել է անվտանգային ռեգիոնալ միջավայրում լարվածության աճին: Արձանագրելով աճի հանգամանքը, վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ռիսկերի կառավարման գործիքակազմի ապահովումը:
 


Անվտանգային միջավայրում նոր տարրը ռուս-վրացական լարումն է, այդ թվում Հայաստանի համար առկա շոշափելի ռիսկերով:
 
Ռուս-վրացական լարման ֆոնին Հայաստանում անցկացված անվտանգության խորհրդի նիստը հիշեցնում է 2008 թվականը, բայց լիովին հակառակ իմաստով: 2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական հնգօրյա պատերազմի օրերին Հայաստանը կանգնել էր հաղորդակցության խնդիրների առաջ, եւ դրա հետեւանքով երկրում առկա էր բենզինի ճգնաժամ, կար այլ ապրանքային շուկաներում ճգնաժամի սպառնալիք:
 
 
Բայց Հայաստանում տեղի չունեցավ անվտանգության խորհրդի կամ որեւէ այլ նիստ, որովհետեւ դրա համար պատասխանատու պաշտոնյաները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Պեկինում էին, որտեղ տեղի էր ունենում ամառային Օլիմպիադան: Սերժ Սարգսյանը, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը չընդհատեցին օլիմպիական այցը եւ չվերադարձան Երեւան:
 
Ինչո՞վ էր պայմանավորված այդ սառնասրտությունը: Անտարբերությա՞մբ, քաղաքական անմեղսունակությա՞մբ, հանցավոր անգործությա՞մբ, թե՞ որոշակի իրազեկվածությամբ՝ կապված պատերազմի, դրա առաջացման պատճառների, «սպասվող ժամանակացույցի» հետ, որի արդյունքում Սերժ Սարգսյանն անտեղի համարեց աժիոտաժը, վստահ լինելով, որ Հայաստանի իշխանության քայլից կախված չէ ոչինչ, եւ «բենզինը կգա», երբ ռուս-վրացական պատերազմում կլուծվեն ինչ որ հարցեր:
 
Ի՞նչ հարցեր լուծեց ռուս-վրացական պատերազմը 2008 թվականին: Այն էապես փոխեց ռեգիոնալ
իրադրության տրամաբանությունը, ընդ որում
երկար ժամանակով կամ գրեթե մշտապես: Պատերազմը Վրաստանն «անվերադարձ» կտրեց Ռուսաստանից, իհարկե «անդառնելի» կտրելով Վրաստանից Աբխազիան եւ Հարավային Օսիան, որոշակի նոր տարածքներով:
 
Դրանք իհարկե առանց այդ էլ կտրված էին, եւ պատերազմը թերեւս ցրեց վրաց հասարակության պատրանքը, թե այդ տարածքները երբեւէ կվերադառնան Վրաստանին: Մյուս կողմից, ռուս-վրացական այդ պատերազմը դրեց կոնֆլիկտի հիմք կամ այսպես ասած ստեղծեց չմարող կոնֆլիկտի օջախ:
 
Առերեւույթ թվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն է Կովկասի կոնֆլիկտային օջախը, որը կարող է թեժանալ: Գործնականում, ռուս-վրացական պատերազմը Կովկասի անվտանգային համակարգի մի «չեռնոբիլյան պայթյուն» էր, որ ստեղծեց անդադար ռադիացիայի օջախ, եւ բավական է կատարել մի քանի անհրաժեշտ քայլ՝ ռուս-վրացական կոնֆլիկտը թեժացնելու համար:
 
Օրերս կատարվեց հենց այդպիսի մի քայլ՝ Ուղղափառության խորհրդարանական Վեհաժողովի նիստի առիթով, որից բռնկվեց ռուս-վրացական կոնֆլիկտը: Ռուսաստանը դրան արձագանքեց բավականին նյարդային, լավ պատկերացնելով, որ այդ օջախը աշխատում է ոչ միայն Վրաստանի եւ ոչ միայն Հայաստանի դեմ, այլ նաեւ հենց իր:
 
Որովհետեւ 2008 թվականի հնգօրյա պատերազմի ռուսական թվացյալ հաղթանակը ՌԴ ռեգիոնալ պարտությունն էր: Դա էր, որ Սերժ Սարգսյանին ստիպեց Եվրասոցացման գործընթացում գտնել անվտանգային նոր հենարան:
 
Հատկանշական է, որ 2008-ից հետո Ռուսաստանը հայտնվել է թուրքական ռեգիոնալ քաղաքականության կցորդի դերում, սկսելով ինտենսիվ աշխատանք Երեւանի դեմ: Ռուսաստանի խորքային պարտությունն ակնառու դարձավ 2016 թվականի ապրիլյան պատերազմում: Մոսկվան «ենթագիտակցորեն» ռեւանշի էր ձգտում արցախյան ուղղությամբ, սակայն եթե չլիներ հայկական բանակի դիմադրությունը, ապրիլյան քառօրյան Ռուսաստանի համար ավարտվելու էր Կովկասի կորստով: Որովհետեւ 2008-ի պարտությունը Մոսկվային թույլ չէր տալիս նաեւ հանդուրժել հայկական բանակի հաղթանակը:
 
Ռուսաստանը տանուլ է տվել Կովկասը, եւ վերջին թելը, որքան էլ տարօրինակ հնչի, ինքնիշխան Հայաստանն է: Բայց ոչ թե իմիտացիոն, այլ իրական ինքնիշխանությունը, Հայաստանը, որն իրապես է ընդդիմանալու Ռուսաստանին, այդ թվում Մոսկվայի համար զգալի թվացող հարցերում: Միայն այդ Հայաստանի վրա կարող է հենվել Ռուսաստանը թուրք-ադրբեջանական ռեգիոնալ խաղին դիմակայելու համար:
 
Որոշակի «մխիթարություն» կարող է դիտվել այն, որ Էրդողանը պարտվեց Ստամբուլում: Մյուս կողմից, այդ ֆոնին Էրդողանն իր պարտությամբ «չմնաց մենակ»՝ Ստամբուլում պարտվող Էրդողանի ֆոնին Թբիլիսիում հերթական անգամ պարտվում է Պուտինը, ինչը մատնում է նրա նյարդային արձագանքը չվերթերն արգելելու հրամանագրի տեսքով:
 
Ավելի ուշ, նրա քարտուղար Պեսկովը հայտարարել է, որ չեն հաջորդի պատժամիջոցներ, այդպիսի խնդիր Մոսկվան չի դնում իր առաջ: Դա կնշանակի սառը դատողության հաղթանակ Մոսկվայում: Ռուս-վրացական կոնֆլիկտի «ռադիացիոն օջախի» սառեցումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի եւ Ռուսաստանի համար: Ինչպես 11 տարի առաջ, առավել եւս այժմ, Ռուսաստանը այլ «ջերմաստիճանում» չունի շահեկան որեւէ տարբերակ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1221 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար