Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է սպաների մի քանի տասնյակ տիկնանց

24-06-2019 18:46:10   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 24-ին Մեխակավանի զորամասի սպաների կանանց հրավերով այցելել է Մեխակավանում տեղակայված զորամասին կից «Արևիկ» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն։
 
Այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել են Մեխակավանում տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ
Մարտին Ջհանգիրյանը, «Արևիկ» մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի ղեկավար Իռա Թամրազյանը, Մեխակավանում Հադրութի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Անդրանիկ Սաֆարյանը, Մեխակավանում տեղակայված զորամասի գնդերեց Լորիս սարկավագ Անդրեասյանը։
 
Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, ծանոթացել կենտրոն հաճախող երեխաների ձեռքի աշխատանքներին, շփվել նրանց հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, ողջունի խոսքում Աննա Հակոբյանը նշել
է, որ անչափ երջանիկ է սպաների կանանց հետ հանդիպման հնարավորության համար։
 
«Շնորհակալ եմ այս հրավերի համար։ Ինձ շնորհակալություն հայտնելու կարիք չկա, ընդհակառակը, ես եմ շատ շնորհակալ, որովհետև չգիտեի, որ այսպիսի կենտրոն կա։ Այն ինչ տեսա՝ շատ հուզիչ է, ես հիացած եմ։ Միայն գաղափարը, որ կենտրոնում երեխաները խաղում են, ստեղծագործում՝ հրաշալի է։ Սա մեր ապագայի, մեր կյանքի շարունակության և հաղթանակի ամրապնդման օրրանՆ է, մեր ապագայի երաշխիքն է։ Ես դա այդպես եմ ընկալում»,- ասել է Աննա Հակոբյանը։
 
Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Բադալյանն էլ շեշտել է, որ, որպես այս տարածքի առաջին պատասխանատու, շատ մեծ ոգևորություն են ապրել տեղեկանալով այցի մասին։ «Շատ գովելի է, որ Դուք Ձեր ընտանիքով օրինակ եք ծառայում, որ Ձեր որդին էլ է ծառայում։ Եվ այսօր, որ Արցախում զինվորի էիք տեսնում, մենք կողքից նկատում էինք Ձեր յուրահատուկ մոտեցումը, քանի որ Ձեր զինվորը նույնպես այդ աշխատանքների մեջ իր լուման ունի։ Այսօրվա այս կենտրոնի տաղանդաշատ երեխաները վաղվա մեր զինվորներն են»,- ասել է գնդապետ Բադալյանը՝ հավելելով, որ Աննա Հակոբյանի այցը շատ պարտավորեցնող էր։
 
«Սա եզակի դեպք է, երբ հանրապետության ղեկավարի կինն այցելում է զինավան։ Կարծում եմ սա շատ լավ օրինակ է ծառայելու և մեր մնացած տիկիններն էլ կայցելեն, կծանոթանան սպաների տիկնանց հետ»,-նշել է Արցախի պետական համալսարանի դոցենտ Արևիկ Պետրոսյանը։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը շփվել է սպաների տիկնանց հետ, պատասխանել նրանց հարցերին։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 520 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար