Նախագահն ու վարչապետը լռում են. տհաճ իրավիճակ

25-06-2019 10:13:18   | Հայաստան  |  Վերլուծություն
Անցած շաբաթ Հայաստանում տեղի ունեցավ մի բան, որը շփոթության մեջ գցեց շատերին. մարդը, ում նախագահն առաջադրեց ՍԴ դատավորի թեկնածու եւ ում խորհրդարանը դատավոր ընտրեց, անսպասելի հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ստանձնելու մասին: Երդում տալիս Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ քանի որ Սահմանադրական դատարանում ընդամենը մեկ դատավոր կա եւ արձակուրդում է, իսկ մնացածը պարզապես անդամներ են, ապա ինքը կարող է իր վրա վերցնել դատարանի նախագահի լիազորությունները:
 


Շոկային հայտարարությունը սկզբում ընդունվեց իշխանության եւ ընդդիմության պայքարի համատեքստում: Իմ քայլը խմբակցության որոշ պատգամավորներ չնայած նշում էին, որ հայտարարությունն իրենց համար անսպասելի էր, ամեն դեպքում պաշտպանեցին Վահե Գրիգորյանին: Հանրության մի մասը նույնպես նրա կողմը գրավեց՝ համարելով, որ այդպիսով կարելի է վերջնականապես արմատախիլ անել հին դատական համակարգը:
 
Ընդդիմախոսները, ավելի ճիշտ, նախկին իշխանությունը, բնականաբար դեմ էր: Սակայն քիչ չեն նրանք, որոնք ոչ իշխանությունից են, ոչ էլ ընդդիմությունից
եւ հարց էին տալիս՝ եթե ՍԴ-ն որոշումներ կայացնելու իրավունք չուներ, եթե այնտեղ չկան դատավորներ, ինչու՞ են հիմա ասում այդ մասին:
 
Երկրում սահմանադրական ճգնաժամի մասին են խոսում, բայց ոչ վարչապետը, ոչ էլ նախագահը չեն հայտնել իրենց կարծիքը: Արդեն մեկ շաբաթ է անցել, բայց մենք չգիտենք Նիկոլ Փաշինյանն ինչ վերաբերմունք ունի այդ քայլի հանդեպ, եւ մտադիր է արդյոք Արմեն Սարգսյանը կարգավորել իրավիճակը: Պատճառների մասին միայն կռահել կարելի է: Ամենայն հավանականությամբ, այս տարբերակը քննարկվել է, սակայն կատարումն ու կազուսը վարչապետին ու նախագահին տհաճ իրավիճակի մեջ են գցել:
 
Հիմա, երբ Վահե Գրիգորյանը «տարածվել» է, իրավիճակն առանց «բարձր» միջամտության դժվար կլինի շտկել: Կամ հարկ կլինի քաղաքական որոշում կայացնել ու ցրել ՍԴ-ն, որն իրավական առումով խնդրահարույց
է, հակառակ դեպքում չէր պահանջվի «դատական հեղաշրջումը»: Կամ էլ հարկ կլինի հետ կանչել Վահե Գրիգորյանի ընտրությունը եւ ցույց տալ նրան, որ նա իրավունք չունի նման հայտարարություններ անել, իսկ այդ դեպքում ՍԴ գործող նախագահի դիրքերն էլ ավելի կամրապնդվեն:
 
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 691 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար