Թեթև մետաղական թափոնների վերամշակմամբ զբաղվող փոքր ընկերությունները կանգնած են փակման վտանգի առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



26-06-2019 19:02:22   | Հայաստան  |  Հասարակություն
 


Թեթև մետաղական թափոնների վերամշակմամբ զբաղվող փոքր ու միջին տասնյակ ընկերություններ կանգնած են փակման վտանգի առաջ:
 
Այս մասին հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգեցին ՔԱՊ ընկերության ներկայացուցիչները:
 
Վերջիններիս շահերի պաշտպան, իրավաբան ԱրթուրԱյվազյանի փոխանցմամբ՝ այժմ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել օրենսդրական մի նախաձեռնություն, որով նախատեսվում է թեթև մետաղների վերամշակման և արտահանման համար ևս պետական տուրք գանձել՝ մեկ տոննայի դիմաց 80 հազար դրամի չափով:  
 
Ըստ նրա՝ խոշոր ձուլարանների ներկայացուցիչները կառավարություն ներկայացրած իրենց դժգոհություններով փորձում են խոչընդոտել հեղափոխությունից հետո գործունեություն ծավալող ընկերությունների աշխատանքները:
 
«Մենք վերամշակում
ենք միայն թեթև մետաղական աղբը, այն, ինչը որ թափված է եղել այսքան տարի: Ուրիշ երկրներում նման գործունեություն ծավալող ընկերություններին պետությունը դոտացիա է տալիս, իսկ մեր մոտ իրենք իրենց ուժերով, վարկային միջոցներ ներգրավելով՝ իրականացրել են այդ ներդրումները, փորձել են հավաքել այդ աղբը, վերամշակել, իրականացնել արտահանում և ստանալ որոշակի շահույթ»,- ընդգծեց Ա. Այվազյանը:
 
Վերջինիս խոսքերով՝ մինչև հեղափոխությունն այս ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող խոշոր ձուլարանների սեփականատերերին առանձնապես չի հետաքրքրել բնակավայրերում, անտառներում ու դաշտերում թափված մետաղական ջարդոնները, որոնք մեծամասամբ ավտոմեքենաների տարբեր մասեր են, իսկ այսօր՝ կառավարությանը դժգոհել են փոքրերի գործունեության հետևանքով հումքի թանկացումից: 
 
Իրավաբանը նկատեց, որ նշյալ ընկերություններն իրենց գործունեությամբ տնտեսական և էկոլոգիական կարևոր խնդիր են լուծում՝ ստեղծելով աշխատատեղեր, մաքրելով բնությունը: 
 
ՔԱՊ բաժնետեր Արման Հարությունյանն իր հերթին ընդգծեց, որ թեթև մետաղական թափոնների վերամշակման համար անհրաժեշտ սարքավորումները բավականին թանկ արժեն, բայց չնայած այդ հանգամանքին՝ իրենք կատարել են ներդրումներ,
ստեղծել աշխատատեղեր և հասել նրան, որ աղբից գումար ստացել: 
 
«Եթե այս օրենքն ընդունվի, տուրքը դրվի այս աղբի վրա, ուրեմն վերջ՝ մենք փակվելու ենք, իսկ աղբը մնալու է դաշտերում ու բնակավայրերում, խնդիրն էլ չի լուծվում»,- նշեց նա՝ կոչ անելով վարչապետին և մյուսներին ականջալուր լինել իրենց ասածներին: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 434 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար