Սամվել Կարապետյանի նոր դերն ու մեծ խնդիրը

15-07-2019 14:12:25   | Հայաստան  |  Վերլուծություն
Ռուսաստանցի միլիարդատեր, Ֆորբսի ցուցակով ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանը մեծ հավանականությամբ ձեռք կբերի Սեւան-Հրազդան հիդրոկասկադը, որը պատկանում է Ռուսհիդրո ռուսական պետական ընկերությանը: Այդ մասին օրերս տեղեկություն էր հրապարակել Ժամանակ թերթը:
 


Ըստ տեղեկության նկերությունը ներկայումս գտնվում է ֆինանսատնտեսական բարդ կացության մեջ, ունի կուտակած մի քանի տասնյակ միլիոն դոլարի պարտք: Մոտավորապես, իրավիճակը հիշեցնում է էլցանցերի պատմությունը, կապված ռուսական մեկ այլ ընկերության՝ Ինտեր ՌԱՈ-ի սեփականատիրության հետ: Էլեկտրիկ Երեւան շարժման ընթացքում պարզվեց, որ այդ սեփականատիրությունը հանգեցրել է էլցանցերի ֆինանսատնտեսական խոշոր ճգնաժամի: Այն հանգուցալուծվեց նրանով, որ ցանցերը ձեռք բերեց Սամվել Կարապետյանը, արդիականացնելով դրանք եւ դուրս բերելով ճգնաժամային վիճակից:
 
Այժմ փաստորեն Սամվել Կարապետյանը պետք է «փրկի» Սեւան-Հրազդան հիդրոկասկադը, որը բաղկացած է 7 հիդրոկայաններից, որոնք գտնվում են Հրազդան գետի վրա:
 
Հիդրոկասկադը ռուսական կողմին է փոխանցվել հայտնի Գույք պարտքի դիմաց ծրագրով:
 
ՄԻ քանի շաբաթ առաջ Երեւանում, Տաշիր ընկերության նորոգած այգու սրճարանում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սամվել Կարապետյանի հետ: Դրանից մի քանի օր անց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր լրագրողների հետ զրույցում,
որ վարչապետն ու Կարապետյանը զրուցել են ներդրումային ծրագրերի մասին եւ այդ թվում նոր ենթակառուցվածքի ձեռքբերման:
 
Փաստորեն, ենթակառուցվածքը կարող է լինել Սեւան-Հրազդան հիդրոկասկադը:
 
Հատկանշական է, որ նախորդ տարի Սեւան-Հրազդան կասկադը ձեռք բերելու հետաքրքրություն է ներկայացրել ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերությունը, որը մի քանի տարի առաջ դարձավ Որոտան ՀԷԿ-երի համալիրի սեփականատեր: Ամերիկյան ընկերությունը հայտնել է նաեւ Սեւան-Հրազդան կասկադը գնելու ցանկություն, որոշակի ժամանակ ընթացել է իրավիճակի ուսումնասիրություն, սակայն ի վերջո ռուսական սեփականատերը հրաժարվել է ամերիկյան ընկերությանը վաճառքից:
 
Արդյո՞ք պատճառը եղել է այսպես ասած քաղաքականությունը, թե պարզապես երկու տնտեսվարողներ չեն կարողացել գալ պայմանավորվածության:
 
Սամվել Կարապետյանը փաստորեն ռուսական կողմի համար առավել վստահելի գործընկեր է:
 
Իսկ Հայաստանի հանրապետությա՞ն համար: Դատելով Նիկոլ Փաշինյանի հետ զրույցից, հնարավոր է խոսել վստահության մասին, թեեւ թավշյա հեղափոխությունից հետո եղավ Կարապետյանի նկատմամբ անվստահության ակտ՝ բարձրավոլտ էլեկտրացանցերը նրան կառավարման հանձնելու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը նոր կառավարությունը չեղարկեց:
 
Շաբաթներ առաջ Փաշինյան-Կարապետյան հանդիպումը հիմք տվեց խոսելու այն մասին, որ անվստահությունը անցնում է:
 
Միեւնույն ժամանակ, սակայն կա վստահության մեկ այլ կողմ՝ խոշոր կապիտալի հանրային լեգիտիմությունը, առավել եւս, որ խոսքը վերաբերում է ռուսաստանյան համակարգում ձեւավորված կապիտալի, քանի որ այդ առումով կա հանրային որոշակի շրջանակների մտավախություն կամ մտահոգություն, որ Ռուսաստանը ոչ թե զիջում է Հայաստանում իր ենթակառուցվածքային սեփականությունը հայկական կապիտալին՝ դրանով ընձեռելով այդ կապիտալին ազգային բնույթի գալու բացառիկ հնարավորություն, այլ Հայաստանի կառավարումն է իրականացնում պարզապես հայկական կապիտալի հաշվին: Այլ կերպ ասած,
կառավարում են, բայց արդեն առանց ռուսական փող ծախսելու:
 
Սամվել Կարապետյանը գործնականում կանգնած է այդ՝ վստահության գլխավոր բաղադրիչը ամրագրելու խնդրի առաջ, ցույց տալով, որ իրապես ազգային կապիտալի կրող է եւ այդ կապիտալը ծառայում է Հայաստանի հանրապետությանն ու դրա տնտեսա-քաղաքական ինքնիշխանությանը:
 
Ինչ խոսք, այդտեղ խնդիրը լոկ գործարարինը չէ, այլ նաեւ կապիտալի գործունեությունը կարգավորող պետությանը՝ կառավարությանը, որովհետեւ ինքնիշխանության թիվ մեկ պատասխանատուն հենց կառավարությունն է:
 
Այդուհանդերձ, իրավիճակը մաթեմատիկական չէ, այլ բարոյա-քաղաքական եւ փոքրաթիվ ազգերի խոշոր կապիտալն այդուհանդերձ չի կարող չունենալ հայրենիք:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 797 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար