Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին

15-07-2019 18:19:48   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հուլիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից կազմակերպած «Երաժշտական Հայաստան» և «Երևանի ամառային փորձառություն» ծրագրերի շրջանակներում տարբեր երկրներից Հայաստան ժամանած մի խումբ հայ երիտասարդների՝ ուղեկցությամբ ծրագրերի ղեկավարների:
 
Հանդիպմանը «Երևանի փորձառություն» ծրագրի ղեկավար Գայանե Մանուկյանը ներկայացրեց երիտասարդներին՝ հայցելով Նորին Սրբության հայրական օրհնությունը:
 
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը կարևոր նկատեց նմանատիպ այցելությունների կազմակերպումը դեպի
հայրենիք, քանի որ դրանք ազգային ապրումների նորոգման լավագույն առիթ են հանդիսանում տարբեր երկրներում հասակ առած հայորդիների համար: Վեհափառը ընդգծեց, որ մատաղ սերնդին ազգային և հոգևոր արժեքներով կրթելու և դաստիարակելու շնորհիվ է, որ սփյուռքում ապրող հայորդիների մտքում ստեղծվում է հայրենիքի մի պատկեր, որն էլ խթան է հանդիսանում Հայաստան այցելելու համար: 
 
Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանն այսպիսի ծրագրերի իրականացման համար, որոնց շրջանակներում սփյուռքի երիտասարդները հնարավորություն են ստանում ծանոթանալու Հայաստանին, հաղորդ դառնալու Հայոց Եկեղեցու պատմությանը և նրա սրբություններին, ինչպես նաև ձեռք բերելու մասնագիտական  փորձառություն զանազան հաստատություններում և կառույցներում:
 
Անդրադառնալով հայապահպանության խնդիրներին՝ Ամենայն Հայոց Հայրապետը երիտասարդներին պատգամեց երբեք չդադարել պայքարել, հավատալ և արարել՝ հորդորելով յուրաքանչյուրին իր երկիր վերադարձին ակտիվորեն
ներգրավվել ազգային կյանքի մեջ և իրենց ձեռք բերած գիտելիքներով օգտակարություն բերել ինչպես տեղի հայ համայնքներին, այնպես էլ՝ Հայրենիքի առաջընթացին:
Նորին Սրբությունը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին՝ սփյուռքի հայկական համայնքների զանազան խնդիրների, հոգևոր կյանքի և Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի վերաբերյալ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 344 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար