ՄԻ պաշտպանը ներկայացրել է 2020 թ. համար նախատեսված ծրագրերը եւ հնարավոր ծախսերը

15-07-2019 18:58:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 15-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ աշխատանքային նիստ էր հրավիրել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:
 


Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է,
որ ՀՀ վարչապետի՝ «ՀՀ 2020 թ. բյուջետային գործընթաց սկսելու մասին» որոշման համաձայն ՀՀ 2020 թվականի բյուջետային գործընթացը սկսելու նպատակով առաջարկվում է գլխադասային հանձնաժողովներում իրականացնել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերի քննարկումներ: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այս նպատակով իրենց հանձնաժողով է հրավիրվել ոլորտային պատասխանատուն՝ ՄԻ պաշտպանը՝ ներկայացնելու 2020 թ. համար նախատեսված ծրագրերը եւ հնարավոր ծախսային ակնկալիքները:
 
Առաջիկա աշխատանքների հիմնական ուղղություններին անդրադառնալով՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման
Թաթոյանը նշել է, որ վերջին երկու տարիներին զգալիորեն մեծացել է ՄԻՊ ինստիտուցիոնալ ներգրավվածությունը երկրի իրավական համակարգում: Արման Թաթոյանը նշել է, որ ՄԻՊ-ն այն բացառիկ հաստատությունն է, որն ունի միջազգային կոնվենցիաներով նախատեսված կարգավիճակներ, որոնցից առաջինը խոշտանգումների կանխարգելմանն է վերաբերում: Նրա խոսքով՝ այստեղ հնարավորություններն իրացվում են ինչպես մշտադիտարկման այցերի, այնպես էլ անհատական գանգատների միջոցով: Ոլորտում մեծ ուշադրություն է դարձվելու վերապատրաստումներին:
 
ՄԱԿ-ի կոնվենցիաներով նախատեսված հաջորդ կարգավիճակը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությանը: ՄԻՊ աշխատակազմում գործում է երեխաների իրավունքների պաշտպանության բաժին, շուտով կգործի հաշմանդամություն ունեցող անձանց եւ տարեցների իրավունքների պաշտպանության բաժինը:
 
Հաջորդ տարի նախատեսվում է մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին, դատական պրակտիկայի կատարելագործմանը, առաջնահերթ ուղղություններից է լինելու գործարարության պաշտպանությունը: Անդրադարձ է կատարվել փախստականների եւ ապաստան հայցող անձանց, կանանց իրավունքների պաշտպանությանը: Արման Թաթոյանը նշել է, որ կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը կարեւոր նշանակության ունի եւ այս հարցում առանձնակի կարեւորել է իրազեկումը եւ համակարգային աշխատանքների իրականացումը: ՄԻ պաշտպանը ընդգծել է հատկապես մարզային ստորաբաժանումներում աշխատակիցների թվի ավելացման անհրաժեշտությունը եւ մարդու իրավունքների կրթության ոլորտում նոր տեխնիկական միջոցների կիրառումը:
 
Պատգամավորներին հետաքրքրել է ՄԻՊ գրասենյակի մարզային ստորաբաժանումների գործունեությանը, կանանց նկատմամբ բռնության դեպքերի վիճակագրությանը, օտար երկրում բնակվող ՀՀ քաղաքացիների իավունքների պաշտպանությանը վերաբերող եւ այլ հարցեր: Կարեւորելով մարզային ստորաբաժանումների աշխատանքը հատկապես սահմանամերձ համայնքներում՝ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ այս պահին գործում է ՄԻՊ ստորաբաժանումներ գործում են Գեղարքունիքի, Շիրակի եւ Սյունիքի մարզերում: Նախատեսվում է ստորաբաժանման ստեղծում Տավուշի եւ Լոռու մարզերում: Աշխատանքներ են ընթանում արագ արձագանքման գործառույթն ուժեղացնելու ուղղությամբ: Արման Թաթոյանը նշել է, որ նախատեսվում է ՄԻՊ աշխատակազմում ստեղծել Կանանց իրավունքների բաժին: Նա տեղեկացրել է, որ ոլորտում առկա կարծրատիպերը փոխելու համար ՀՀ օրենսդրությանը համահունչ իրազեկման ծրագիր է իրականացվելու:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 364 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար