Թուրքիան ու Ռուսաստանը հանել են դիմակները. որքան կշարունակվի խաղը

16-07-2019 16:18:54   | Հայաստան  |  Վերլուծություն
Ռուսաստանն ու Թուրքիան հերթական անգամ կոնֆլիկտի շեմին են, բայց Մոսկվան, ինչպես միշտ պաշտպանում է Թուրքիային:
 


Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Միջերկրական ծովում սրացման պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու Եվրամիության որոշմանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն: Բայց դա չի նշանակում, որ ռուսական կողմն աջակցում է Թուրքիայի գործողություններին, որը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի է ուղարկել իր հորատող նավերը, ասել է նա:
 
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Եվրամիության խորհուրդն արտաքին գործերի նախարարների մակարդակով հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներին: ԵՄ-ն կրճատելու է Թուրքիային հատկացվող ֆինանսական աջակցությունը եւ
դադարեցնելու է օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները:
 
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարություն էր արել ի աջակցություն Կիպրոսի՝ կոչ անելով Թուրքիային դադարեցնել հետախուզական աշխատանքները: Հայաստանը հայտարարությունն արել է Հայաստան-Հունաստան-Կիպրոսի ձեւաչափի եւ նոր արտաքին քաղաքականության համատեքստում, որը հավակնում է ավելի որոշակիանալու:
 
Հայաստանի ԱԳՆ-ն դեռ չի արտահայտվել Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցների հարցով: Հնարավոր է, պատճառն այն է, որ Ռուսաստանն աշխուժացրել է Ռուսաստանի ու Հայաստանի ԱԳՆ միջեւ խորհրդակցությունները: Հիշեցնենք, որ օրերս Երեւանում էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
Երեւանն ու Մոսկվան համակարգու՞մ են Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը, եւ Հայաստանի նոր իշխանությունը պահանջներ կներկայացնի՞ Մոսկվային: Մասնավորապես, դա վերաբերում է Ս400 հրթիռային համալիրների մատակարարմանը: Փորձագետներն ասում են, որ դրանց մի մասը տեղադրվելու է Անկարայի մոտ, իսկ մյուս մասը՝ Հայաստանի սահմանի մոտ:
 
Հիշեցնենք նաեւ, որ ԱՄՆ-ն մտադիր է այս շաբաթ Ս400-ի պատճառով պատժամիջոցներ ընդունել Թուրքիայի դեմ: Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, դատապարտելու է այս պատժամիջոցները: Ի վերջո, այդ համալիրները վաճառելու համար Ռուսաստանը Թուրքիային մոտ 2 միլիարդ դոլարի վարկ է տվել:
 
Հայաստանը, որի սահմանները մինչ օրս գծված են 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերով, գրեթե 100 տարի «չարյաց փոքրագույնի» քաղաքականություն է վարում՝ Ռուսաստանը ներկայացնելով որպես փրկիչ, իսկ Թուրքիան՝ թշնամի: Մոսկվան ու Անկարան հաճույքով են մասնակցության այս բեմադրությունը՝ խաղալով լավ եւ վատ ոստիկանի դեր:
 
Բայց կրիտիկական պահերին Ռուսաստանը միշտ կանգնում է Թուրքիայի կողքին, եւ Հայաստանի դիվանագիտական խաղերն
անիմաստ են սկսում երեւալ: Ռուսաստանն ու Թուրքիան վաղուց հանել են դիմակները եւ ողջ ուժով փորձում են պահպանել տարածաշրջանի հարյուրամյա սահմանները, որոնք գծվել են հայկական հողերի ու շահերի հաշվին: Հայաստանը կհանի՞ իր դիմակը:
 
Ոչ անհայտ Ալեքսանդր Դուգինն ասում է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են վիճել Սիրիայում Իդլիբի պատճառով: Բայց Ռուսաստանը նորից թիկունքից կհանի թուրքական յաթաղանը եւ Թուրքիային թույլ կտա լոլիկ վաճառել:
 
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 439 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար