Տիգրան Ավինյանը հանդիպել է Իռլանդիայի՝ երեխաների և երիտասարդության հարցերով նախարարի հետ

17-07-2019 15:55:23   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-ին հանդիպել է Իռլանդիայի՝ երեխաների և երիտասարդության հարցերով նախարար Քեթրին Զափոնեի հետ:
 


Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար զգալի ներուժ կա, և հետաքրքրություն հայտնել համագործակցության համակողմանի զարգացմամբ: Այս առումով քննարկվել են միջազգային հարթակներում, հատկապես՝ ՄԱԿ-ում, փոխգործակցության ընդլայնման, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, տնտեսական օրակարգի ձևավորման և այլ հարցեր:
 
Տիգրան Ավինյանն առանձնացրել է Իռլանդիայի հետ ՏՏ ոլորտում
գործընկերության հաստատման հեռանկարները, ինչի համար պատեհ առիթ կարող է հանդիսանալ Երևանում հոկտեմբերին անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը: Փոխվարչապետը խոսել է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին, որը դարձել է Հայաստանի յուրօրինակ բռենդը աշխարհում և մեծ ներդրում ունեցել երեխաների ու երիտասարդների կրթամշակութային զարգացման գործում:
 
Քեթրին Զափոնեն նշել է, որ հաշվի առնելով իռլանդական մեծաքանակ սփյուռքին ներգրավելու գործում իրենց ունեցած հաջողությունները, Իռլանդիան պատրաստակամ է իր փորձով ու գիտելիքներով կիսվել   հայաստանյան գործընկերների հետ:
 
Կողմերը քննարկել են նաև ԵՄ-Հայաստան համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում փոխվարչապետը առանձնացրել է մարդկային կապերի զարգացումը և ընդգծել ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների շուտափույթ մեկնարկի կարևորությունը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 425 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար