«Գրեմմիի» բազմակի մրցանակակիրը Հայաստանում կձայնագրի հայ կոմպոզիտորների սիմֆոնիաները

17-07-2019 16:03:49   | Հայաստան  |  Մշակույթ
 


 
Երևան է
ժամանել «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր, երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը, որը հուլիսի 16-19-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կձայնագրի Ավետ Տերտերյանի 5-րդ և 7-րդ, ինչպես նաև Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիաները։
Ջոն Տեր-Թադևոսյանը հայ կոմպոզիտորական արվեստի լավագույն ներկայացուցիչներից է, ում արվեստը, սակայն, քիչ հայտնի է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Ջոն Տեր-Թադևոսյանի 1-ին և 2-րդ սիմֆոնիաները և նախատեսում է 2-րդ սիմֆոնիան ներկայացնել 2020 թվականի եվրոպական շրջագայության ընթացքում՝ Եվրոպայի լավագույն 8 համերգասրահներում, ինչը հայ կոմպոզիտորական արվեստի համար մեծ ձեռքբերում է։ 
 
Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիան, որ կոչվում է «Մարդու ճակատագիրը», հեղինակը գրել է Միխայիլ Շոլոխովի համանուն ստեղծագործության հիման վրա։ Այն կարող է մրցել 20-րդ դարի եվրոպացի շատ կոմպոզիտորների լավագույն սիմֆոնիաների հետ։ Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիայի ձայնագրմամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փորձում է վեր հանել մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք մեծ գեղարվեստական արժեք են ներկայացնում, սակայն հանրությանը ծանոթ չեն։ 
 
Ավետ Տերտերյանի սիմֆոնիաների մեծ մասի ձայնագրությունները կատարվել են 1970-ական թվականներին, և դրանց որակը չի համապատասխանում այսօրվա ձայնագրման տեխնոլոգիական չափանիշներին։ Ուստի աշխարհի լավագույն երաժշտական պրոդյուսերներից մեկի՝ Քրիստոֆեր Ալդերի կողմից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրումը մեծ իրադարձություն է մեր երաժշտական կյանքի համար։ 
 
Կատարված ձայնագրությունները հետագայում թողարկվելու են հայտնի երաժշտական պիտակների ներքո։
 
Քրիստոֆեր Ալդերը համագործակցում է աշխարհի լավագույն արտիստների հետ։ Նա ժամանակակից երաժշտության մեծ գիտակ է, ձայնագրել է եվրոպացի ժամանակակից կոմպոզիտորների շատ գործեր։ Նրա մասնակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարողանալու է ապահովել ձայնագրությունների բարձր որակ, ինչը թույլ կտա, որպեսզի լավագույն երաժշտական պիտակները թողարկեն դրանք։ Քրիստոֆեր Ալդերը մանրակրկիտ գեղարվեստական աշխատանք է կատարել մինչ Հայաստան ժամանելը. նա նվագախմբից պահանջել է մեծ քանակությամբ ինֆորմացիա կոմպոզիտորների, նրանց ստեղծագործությունների, պարտիտուրների մասին։ Նա մեծ ուշադրություն է դարձնում նաև տեխնիկական խնդիրներին, նվագախմբի շարվածքի ձևաչափերին, ինչը կօգնի արդյունքում ունենալ լավագույն ձայնագրություն։
 
Նշենք, որ վերջին ամիսներին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու Քրիստոֆեր Ալդերը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել են համատեղ ձայնագրություններ։ Ի թիվս այլ ստեղծագործությունների՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրել են Արամ Խաչատրյանի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից։
 
Քրիստոֆեր Ալդերի հայաստանյան այցը և հայկական սիմֆոնիաների ձայնագրությունները հնարավոր է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։ 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 452 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար