Լսող ու ենթարկվող երեխա ունենալու վտանգները. Aravot.am

17-07-2019 17:04:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ծնողների շրջանում հաճախ է քննարկվում հարցը՝ ինչպես դաստիարակել լսող և ենթարկվող երեխա:
 


Սակայն նախ պետք է սկսել լսող երեխա հասկացության ընկալումից:
 
Aravot.am-ը «Մասնագիտությունը՝ մայրիկ» շարքի շրջանակում փորձեց պարզել առհասարակ լա՞վ է, որ երեխան լինի ենթարկվող:
 
Փսիլայֆ հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը մեզ հետ
զրույցում նկատեց՝ լսող երեխա ունենալը ծնողի ցանկությունն է, քանի որ այդպես հեշտ է. ես ասողն եմ, երեխան՝ լսողը: Բայց ըստ հոգեբանի՝ իրականում այս դեպքում մենք
կորցնում ենք երեխայի անձը. «Կախված երեխայի անհատական առանձնահատկություններից, եթե նա սկսում է անընդհատ լսել, իր մոտ սկսում է ձևավորվել լսողի մեխանիզմ, և նա ամբողջ  կյանքում փնտրելու է ինչ-որ մեկին, ում կարծիքից ու տեսակետից կախված է լինելու: Իր մոտ ինքնուրույնությունը, եսը չեն ձևավորվում: Այդ երեխան իր կյանքում  անընդհատ փնտրելու է մեկին, ում պետք է լսի՝ լինի ընկեր, ուսուցիչ, հետո արդեն կողակից՝ ամուսին կամ կին կամ այլ մարդիկ, որոնցից ինքը կախված է լինում»:
 
Ընդհանրապես կարևոր է հասկանալ՝ ինչպես անել, որպեսզի հասնել ծնող-երեխա ներդաշնակության: Հոգեբանը մի շարք խորհուրդներ տվեց. «Ամենակարևորը նախ մենք պետք է հարց տանք ինքներս մեզ՝ արդյոք մենք լսո՞ւմ ենք մեր երեխային: Ամենակարևորը մենք պետք է լսենք երեխային, քանի որ նա ունի լսված լինելու կարիք: Ամենասխալն այն է, որ մենք սկսում ենք մտածել, որ մեզ լսի երեխան, ու այդտեղից սկսում է  երեխայի հակադրման վարքը: Քանի որ երեխայի անձը կորչում է, նա դառնում է միայն ծնողի կամակատար ու  սկսում է հակադրվել՝ ագրեսիվանալ, կամակոր վարք դրսևորել: Դրան չհասնելու համար մենք պետք է սկսենք ձևավորել մեր մեջ լսելու կարողություն, հասկանալ, որ երեխան շատ զգացումներ, ապրումներ, դժվարություններ ունի, որոնք պետք է արտահայտի, իսկ մենք պիտի կարողանանք հասկանալ երեխայի ներաշխարհը՝ լսելով ինչ է կատարվում նրա ներաշխարհում»: Երեխայի հետ երկխոսության հաստատումը ևս կարևոր է: Դրա համար ծնողը պետք է խոսի երեխայի հետ, կարողանա ճանաչել նրա պահանջները, կարողանա հասկանալ երեխայի անձը, թե նա ինչպիսին է, և երբեք պետք  չէ ծնողի պատկերացումների տեսանկյունով պտտել երեխային. օրինակ՝  սա կարելի  է, նա չի կարելի, սա պետք է, նա պետք չէ: Այս կապակցությամբ Լիլիթ Խաչատրյանը մանրամասնեց. «Ծնողը պետք է կարողանա ոչ միայն ուղղակի զրուցել երեխայի հետ, այլև կիսել նրա հետաքրքրությունները, տեսակետը, ներաշխարհը: Մեր ժամանակաշրջանում դա հաճախ չէ. բոլոր ծնողները շատ զբաղված են: Զրուցելն ուղղակի հենց այնպես զրուցել չէ, այլ երեխայի հետ խաղի միջոցով զրույցն է, հեքիաթ պատմելը, դրա քննարկումը, երեխայի հետ մուլտֆիլմի դիտումը, որի վերաբերյալ կարող են տեղի ունենալ տարաբնույթ քննարկումներ: Այսինքն՝ նման իրավիճակներում, որոնք երեխայի հետաքրքրությունից են բխում և մենք երեխայի կողքին ենք, իր հետ որոշակի գործունեության մեջ ենք մտնում և քննարկում, երեխան մեզ հետ մտնում է նույն դաշտ, նույն հարթություն: Մենք նրա հետ հայտնվում ենք նույն զգայական մակարդակում, և նա հասկանում է, որ չկա ես ասողն եմ, դու՝ լսողը, ես ճիշտ եմ, դու՝ սխալ,  որ ծնողի կարծիքն ամենակարևորն է: Եթե չկան նման երկբևեռություններ, արդեն երեխան ներդաշնակ հարաբերությունների մեջ է ծնողի հետ»:
 
Մեր դիտարկմանը՝ հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները կարծում են, որ երեխան պետք է ենթարկվի ծնողին, հակառակ դեպքում նա դառնում է անկարգ, ինչն էլ հենց իրեն է վտանգում, հոգեբանն այսպես արձագանքեց. «Եթե երեխայի հետ արդեն ներդաշնակ հարաբերությունների մեջ ենք, սիրում ենք նրան, նրա հետ նույն դաշտում ենք, արդեն պետք է հանգիստ լինել և վստահել, որ մեր երեխան աշխարհի և մեզ հետ կարգավորված հարաբերությունների մեջ է: Երեխայի ագրեսիվ վարքը՝ վնաս տալը, հակադրվելը, հատուկ ճիչեր են, ազդանշաններ, որոնք մենք պետք է կարողանանք վերծանել: Երեխան դա հենց այնպես անել չի կարող. դա նշանակում է, որ նա, ըստ էության, ունի մեծահասակների կողմից որոշակի օգնության կարիք: Եթե մենք կարողանանք հասկանալ՝ ինչու է ինքն այդպես անում՝ խփում, կոտրում, կհասկանանք՝ ուզում է ուշադրությա՞ն արժանանալ, ուզում է պատժե՞լ դիմացինին դրանով, թե՞ առհասարակ գիտակցումն է բացակայում իր արարքի կամ ուղղակի ընդօրինակել է այլ մարդկանցից: Իսկ երբ մեզ պարզ է դառնում արդեն արարքը, բնականաբար կանխելն ու շտկելն ավելի հեշտ է դառնում»:
 
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 567 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար