Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն ամբողջովին քայքայված 10.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերականգնվում է

22-07-2019 12:22:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
    Հանրապետության գյուղական համայնքներում շարունակվում են մոտ 47 կմ երկարությամբ կենսական նշանակության 8 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Շիրակի մարզի Մ1-Հայրենյաց-Տուֆաշեն-Հ83 մոտ 10.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որ միմյանց է կապում Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն համայնքները՝ դրանք միացնելով միջպետական Մ1 և հանրապետական Հ83 ճանապարհներին, շահագործվել է 1980-ականներին, որից հետո չի վերանորոգվել։ Ամբողջովին քայքայված ճանապարհով երթևեկը դարձել էր անհնար։ Այս տարի նշված ճանապարհահատվածի վերականգնումն
ընդգրկվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում։ Աշխատանքներն այստեղ մեկնարկել են 2019թ. հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է շինարարության մեկնարկից տասն ամիս անց։ Շինարարությունն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Այս պահին կատարվում են ճանապարհային ծածկի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման և մայթերի կառուցման աշխատանքներ։
 
Հանրապետության այլ տեղամասերում նույնպես շարունակվում են կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները։ Մ5-Սարդարապատ-Նոր Արմավիր-Տ-3-52 մոտ 6.1 կմ հատվածում ներկայում ընթանում են մայթերի կառուցման (15x30 սմ տիպի բազալտե եզրաքարերի տեղադրում, բետոնե եզրաշարերի կառուցում, մայթերի ավազակոպճային հիմքի և ասֆալտբետոնե պատվածքի տեղադրում), ջրահեռացման համակարգի ջրթող խողովակների տեղադրման և ճանապարհային բազմաշերտ պատվածքի հիմքի կառուցման՝ տեղում սառը եղանակով գոյություն ունեցող ծածկի վերամշակման (recycling) աշխատանքներ:
 
Նշենք, որ կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքների պատվիրատուն է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը։ 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 241 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար