Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչների հետ

22-07-2019 14:19:40   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն
 


 
Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած 40 սփյուռքահայ ուսուցիչների՝ ուղեկցությամբ  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի: Սփյուռքահայ ուսուցիչները  համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում մասնակցում են վերապատրաստման մեկամսյա դասընթացների:  
 
Պարոն Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ընդունելության համար՝ ընդգծելով  Հայ Եկեղեցու և մասնավորաբար
Վեհափառ Հայրապետի կողմից հայապահպանությանն ուղղված լայնածավալ աշխատանքները:
 
Այնուհետև ուսուցիչներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մեծապես կարևորելով արդեն ավանդույթ դարձած այս գեղեցիկ նախաձեռնությունը: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այցը Հայաստան և մասնակցությունը դասընթացներին դրական լիցքեր կհաղորդեն ուսուցիչներին` նոր ուժով և ավյունով շարունակելու իրենց բարդ ու դժվարին առաքելությունը:
 
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ այս տարի Հայաստան ժամանած սփյուռքահայ ուսուցիչների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, ինչը վկայում է, որ նոր սերունդը գալիս է ստանձնելու ավագ սերնդի աստվածահաճո գործը:
 
Բարձր գնահատելով հայապահպանության գործում սփյուռքահայ ուսուցիչների դրսևորած նախանձախնդրությունը` Գարեգին Երկրորդ Հայրապետը շեշտեց, որ մանկավարժները կարևոր պատասխանատվություն են կրում այսօրվա և գալիք սերունդների դաստիարակության և կրթության համար: 
 
Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև հետաքրքրվեց Սփյուռքում գործող հայկական կրթօջախներով և ուսուցիչներին հուզող խնդիրներով:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված օրհնի ու քաջառողջ պահի մանկավարժներին՝ իրականացնելու իրենց սրբազան առաքելությունն ի սեր մեր աշխարհասփյուռ ժողովրդի:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 248 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար