Բիզնես-առաջադրանքը՝ նորարար մտքի խթանման միջոց

22-07-2019 16:27:43   | Կոտայքի մարզ  |  Կազմակերպություններ
 

 
 
«Հայաստանի պատանեկան նվաճումների» նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ՝ 2019թ. հուլիսի 20-ին Ծաղկաձորում արդեն հինգերորդ անգամ կայացել է «Բիզնես առաջադրանք» ամենամյա մրցույթը: Համատեղ նախաձեռնության նպատակը բիզնեսի և կրթության միջև երկխոսություն ստեղծելն ու դրանով իսկ ավագ դպրոցում սովորող աշակերտների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների և նորարարական մտածելակերպի զարգացումը խթանելն է:
 
Հերթական մրցույթին մասնակցել են «Հայաստանի պատանեկան նվաճումների» (ՀՊՆ) ամառային 26-րդ ճամբարի մասնակցիները. ավելի քան 110 աշակերտ՝ հանրապետության տարբեր մարզերից: Ծրագիրը ճամբարականներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները կիրառել գործնական միջավայրում, բիզնես տեսանկյունից առաջարկել նորարարական լուծումներ և մոտեցումներ:
 
Մինչև մրցույթի մեկնարկը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները ճամբարականներին նախապես հանձնարարել են կոնկրետ բիզնես-առաջադրանք. ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում ուսումնասիրել «X» և «Y» սակագնային պլանները և ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում
«X» և «Y» սակագնային պլանների հետագա զարգացումը: Մրցույթի մասնակիցներն առաջարկել են նաև նոր ու հետաքրքիր մտքեր, որոնք հետագայում կարող են կիրառվել նաև որպես բիզնես-լուծում:
 
Ավագ դպրոցի աշակերտները սահմանված ժամանակահատվածում կոնկրետ լուծումներ են ներկայացրել գնահատող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են եղել ՀՊՆ գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«Ողջունում եմ բիզնես-առաջադրանք ստացած բոլոր պատանիներին: Ձեր առջև դրված է խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ է ունենալ մտքի ճկունություն, վերլուծելու կարողություն, հարցերը բազմակողմանի դիտարկելու ցանկություն և մի փոքր էլ՝ խիզախություն: Վստահ եմ, որ դուք տիրապետում եք այդ
ամենին, քանի որ պատանեկության տարիքին հատուկ են վառ երևակայությունն ու համարձակությունը: Կրթական այս մոդելը կարևոր է՝ տարբեր հմտություններ զարգացնելու և ստացած գիտելիքները գործնական հարթության մեջ կիրառելու տեսանկյունից: Փորձեք մրցույթից քաղել օգտակարը և կատարելագործել ձեր մտքի ճկունությունը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Մրցույթում հաղթող ճանաչված թիմի 12 անդամները ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգևատրվել են սմարթֆոններով:
 
Միջոցառումը կազմակերպվել է «Ձեռնարկատիրական կրթություն» ծրագրի շրջանակներում, որը հանրակրթության ոլորտում իրականացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՊՆ կազմակերպության միջև կնքված հուշագրի: Ծրագիրն իրականացվում է հանրապետության ավելի 330 համայնքում՝ «JHM» բարեգործական հիմնադրամի և «HSBC» բանկի հովանավորությամբ: Ծրագրի նպատակն այդ համայնքների շուրջ  7000 աշակերտի տնտեսագիտական և ձեռնարկատիրական գիտելիքներ հաղորդելն է: Մասնավորապես՝ ինչպես հետազոտել շուկան, ինչպես գրել բիզնեսպլան, ինչ են բիզնես էթիկան և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքներ ձեռք բերել և դրանք կիրառել գործնականում:  Ծրագրի շնորհիվ պատանիները   սովորում են դրսևորվել որպես ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:
 
 
Մանրամասն տեղեկությունները ներկայացված են «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կայքէջում`www.jaarmenia.org հասցեով:
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 291 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար