Եվ նորից հույսի կամուրջ, որ այս անգամ ձգվում է դեպի Գերմանիա

22-07-2019 17:51:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Եվ նորից հույսի կամուրջ, որ այս անգամ ձգվում է դեպի Գերմանիա:
 

   Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր առանձնհատուկ պատասխանատու և կարևոր օր էր: Այս անգամ մեր հայազգի դոնոր Արամ Արևյանը ժամանել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ մի անգամ ևս ապացուցելու, որ մարդասիրությունը չի ճանաչում սահմաններ և ոչինչ՝ ոչ հազարավոր կիլոմետրերը, ոչ աշխատանքը չեն կարող արգելք լինել, եթե նժարին դրված է մարդկային կյանքը:
 
   Արամ Արևյանը ծնվել է ԱՄՆ-ում, ընտանիքի կրտսեր զավակն է, ունի երկու քույր: Կամավորագրվել էր Ոսկրածուծի դոնորների ռեեստրին տարիներ
առաջ ԱՄՆ-ում: Պետք է նշել, որ Ոսկրածուծի դոնորների ռեեստրի տվյալների բազայում կան գրանցված շուրջ 5500    ամերիկահայեր՝ Լոս Անջելեսից, Նյու Յորքից և մյուս հայաշատ համայնքներից: Մեր հայրենակիցները միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնելու այս մարդասիրական ծրագրին: Երբ Արամը իմացավ, որ նա հիվանդի համար միակ համատեղելի դոնորն է աշխարհում, մի պահ անգամ չվարանեց: Ամբողջ նախապատրաստական փուլում Արամը իր դրական էներգիայով և ոգևորությամբ կարծես փորձում էր օգնել անձնակազմին: 
 
  Յուրաքանչյուր փոխպատվաստում փորձություն է: Մասնագետների շղթայի յուրաքանչյուր օղակ, որոնք ձեռքից ձեռք, երկրից երկիր են փոխանցում կյանքի հույսը, պետք է անխափան աշխատի: Այս ժամանակ բացվում են բոլոր սահմանները, մարդիկ մոռանում են ազգային պատկանելություն, կրոն և ունեն միայն մեկ նպատակ՝ ժամ առաջ տեղ հասցնել կենսաբեր բջիջները և օգնել հիվանդին հաղթահարելու
մահաբեր հիվանդությունը:
 
Շնորհակալություն Արամ Արևյան, որ հույսի մի շող պարգևեցիր մահաբեր հիվանդության ճիրաններում գտնվող հիվանդին: Այդպիսի պատրաստակամությամբ նվիրաբերված բջիջները չեն կարող չփրկել, ուղղակի չեն կարող: Իսկ դու կապրես այն գիտակցությամբ որ այս աշխարհում կա մեկը, որ վայելում է արևի լույսը Արամ Արևյանի շնորհիվ: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 336 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար