Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան

22-07-2019 18:23:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Ազգային ժողովը հուլիսի 22-ին, ԱՀ Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն, գումարել է ԱԺ արտահերթ նստաշրջան: Արտահերթ նստաշրջանը գումարվել է ԱՀ նախագահի նախաձեռնությամբ, իր իսկ սահմանած օրակարգով:
 

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանը ներկայացնելով Ընտրական օրենսգիրքը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, նշել է, որ առաջին ընթերցմամբ օրենքն ընդունելուց հետո ԱԺ խմբակցությունների և մեկ պատգամավորի կողմից ստացել են երեք տասնյակից ավել առաջարկություններ: Երկու տասնյակից ավել առաջարկություն էլ արվել է հեղինակի կողմից:
 
Նախարարն անդրադարձել է ներկայացված առաջարկներին՝ կարևորելով հատկապես ընտրողների ցուցակների հրապարակմանը, համամասնական ցուցակների կազմմանը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելմանը և հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար ընտրական իրավունքի դյուրացմանը վերաբերող կետերը:
 
Գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական
հանձնաժողովի դրական եզրակացությունը լսելուց հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Արթուր Թովմասյանը, Էդվարդ Աղաբեկյանը և Աշոտ Ղուլյանը:
 
Եզրափակիչ ելույթում Արարատ Դանիելյանն անդրադարձել է մտքերի փոխանակության ընթացքում հնչած մտահոգություններին և առաջարկություններին: 26 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենսգիրքն ընդունվել է:
 
Արարատ Դանիելյանն այնուհետև ներկայացրել է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: Նախարարի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո օրինագծի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել «Դաշնակցություն» խմբակցությունը:
 
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը 26 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել է րենքը:
 
ԱԺ քննարկմանը ներկայացնելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը՝ կից նախագծերով՝ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, նշել է, որ առաջին ընթերցումից հետո որևէ առաջարկություն չի եղել:
 
ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ խորհրդարանը 25 կողմ ձայնով  ընդունել է օրենքը:
 
Փակելով նստաշրջանը՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին ու կառավարության ներկայացուցիչներին արդյունավետ աշխատանքի համար և հայտարարել, որ վաղվանից խորհրդարանի պատգամավորների ու աշխատակազմի համար սկսվում է օրենքով սահմանված արձակուրդային շրջանը:
 
Արցախի Հանրապետության
 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապեր բաժին
 
կետերը:   Գլխադասային՝
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 354 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար