13-ամյա աղջկան մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը 800 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակել



23-07-2019 10:21:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 

Երեկ՝ հուլիսի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման
միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Վարդան Ե.-ի նկատմամբ, ով կասկածվում է հուլիսի 18-ին իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, 13-ամյա Արփինե Գ.-ին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վարդան Գրիգորյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը, սակայն 800 հազար դրամ գրավի դիմաց նրան դատարանից ազատ է արձակել։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 18-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ 
 
Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի էր ենթարկել13-ամյա
Արփինե Գևորգյանին։ 
 
Վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել էր։ 
 
Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանի ու Վարդան Սարգսյան գլխավորությամբ։ 
 
Փաստի առթիվ Վ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 
 
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վարորդը փախուստի չէր դիմել, սակայն դեպքի վայրի հարևանությամբ մի քանի բնակվող երիտասարդներ փորձել էին հաշվեհարդար տեսնել վարորդի հետ, սակայն ճանապարհային ոստիկաններին ու քննիչներին հաջողվել էր վարորդին փախցնել դեպքի վայրից, իսկ զայրացած բնակիչները քարերով ավտոմեքենան ամբողջովին ջարդել էին՝ թե դիմապակին, թե հետևի և թե կողային ապակիները, ոտքերով էլ հարվածել էին ավտոմեքենային։ 
 
Ավտոմեքենան վնասելու փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում։ 
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում վրաերթի հարևանությամբ բնակվողներն ասել էին. «Քանի տարի է, դիմում ենք Երևանի քաղաքապետարան, ճանապարհային ոստիկանություն, որպեսզի նշված հատվածում տեղադրեն լուսային թարթիչներ, սակայն ամեն անգամ Երևանի քաղաքապետարանից գալիս են, խոստանում են, որ խնդիրը կկարգավորվի ու այդքանով համարելով հարցը լուծված՝ հեռանում են։ Մենք գիտենք, որ այստեղ անելիք չունի ճանապարհային ոստիկանությունը, նրանք իրենց գրություններն ուղարկել են քաղաքապետարան, իսկ նրանք տեղում դոփում են։ Մենք մեծահասակներով հազիվ ենք անցնում զեբրայի վրայով, երեխաներին ճանապարհելիս ահը սրտներիս է, որ ինչ-որ վարորդ գազի սեղմակը տանջելով՝ կելնի մեր վրա։ Ի՞նչ է, նման ողբերգական դե՞պք պետք է տեղի ունենա, որ նոր որոշեն՝ ժողովրդի բարձրաձայնած խնդիրը լուծում են, թե ոչ։ Էնքան խելոք երեխա էր, որ շատ մեծահասակ հետիոտների նման փողոցը չթույլատրված վայրով չի անցել, այլ հետիոտնի համար նախատեսված վայրով, բայց ի՞նչ իմանար, որ հետիոտնի համար նախատեսված վայրով անցնելը ճակատարական էր լինելու։ Հիմա գոնե էս դեպքից հետո Երևանի քաղաքապետարանի չինովնիկները հետևություններ անեն և այդ խնդիրը կարգավորեն, հակառակ դեպքում, եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի, գուցե ականատես լինենք հերթական դեպքին, այդ թվում՝ ողբերգական։ 
 
Քննիչի հանձարարականով ավտոմեքենան, որը ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչները զննել էին, տեղափոխվել էր Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 247 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար