Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգողին

23-07-2019 14:52:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը:
 
Նախարար Բադասյանը, ողջունելով գործընկերներին, տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական և հակակոռուպցիոն մեծ բարեփոխումների ճանապարհին է, այնուհետև ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը:
 
 ՄԱԶԾ մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել նախարարին նշանակման
կապակցությամբ և նշել, որ առաքելության համար մեծ պատիվ է աջակցել դատաիրավական բարեփոխումներին, որը Հայաստանի զարգացման  գործում ամենաառանցքային նշանակությունն ունեցող ոլորտն է: ՄԱԶԾ մշտական համակարգողը վստահություն է հայտնել, որ նոր Կառավարությունն իրապես կկարողանա բարեփոխել և բարձրացնել դատական համակարգի արդյունավետությունը: Դմիտրի Մարիյասինը նաև կարևորել է հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ իրականացումը՝ ուղղված պետական մարմինների աշխատանքի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը: 
 
Նախարարը վստահեցրել է, որ Կառավարության նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացու և օտարերկրյա ներդրողի համար դատական համակարգը վստահելի ու արժանահավատ դարձնելն է: Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, պաշտոնատար անձանց գույքի,  եկամուտների,  ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցումը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ներդրումը:
 
Դմիտրի Մարիյասինը վերահաստատել է ՄԱԶԾ-ի՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը:
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 246 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար