Ես գտա հիասթափված մարդկանց, որոնք հազիվ հազ գոյատևում են. Սամվել Բաբայան. panorama.am

23-07-2019 16:43:51   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
panorama.am Ավարտվել է նախաձեռնող խմբի կողմից Արցախի Սահմանադրության 48-րդ հոդվածում քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելուն ուղղված ստորագրահավաքը: Դրա կապակցությամբ Սամվել Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ ու մասնավորապես նշել, որ ձևաթերթիկների տվյալները մշակելուց և հաշվարկից հետո, ստորագրությունների ողջ փաթեթը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուսումնասիրությանը: Տեղերից ստացված ձևաթերթիկների ստորագրությունների քանակը 25.157 է: Ձևաթերթիկները մշակելուց հետո առկա ստորագրությունների քանակը ներկա պահին 22.855: Մշակման փուլը շարունակվում է:
 


Մեկու
կես ամսվա ընթացքում նախաձեռնող խումբը, որի անդամն եմ ես, աջակիցներն ու համախոհներն այն, ինչը կարողացան կատարել, ես որակում եմ որպես հերոսական աշխատանք, քանի որ նրանք, առաջին օրվանից մինչև վերջին պահը գտնվելով խիստ վերահսկողության տակ, ստիպված էին հաղթահարել իշխանությունների կողմից ծրագրված ու իրականացվող արհեստածին բազմաթիվ արգելապատնեշներ ու խոչընդոտներ, որոնք կրում էին թե
քարոզչական և թե իրավական, և անգամ պրովոկացիոն բնույթ:
 
«Նրանցից շատ-շատերը քաջություն են ունեցել նախաձեռնող խմբի անդամներին խոստովանել, որ չեն ստորագրում, որովհետև ոչ թե դեմ են Սահմանադրության այդ փոփոխությանը, այլ մտավախություն ունեն, որ կազատվեն զբաղեցրած պաշտոնից: Մասնավոր ոլորտներում, հիմնականում բիզնես, հրահանգվել էր չմասնակցել ստորագրահավաքին` սպառնալով, թե գործ չունեք, մեկ է` Սամվել Բաբայանին  ձերբակալելու ենք` փորձելով այս էժանագին հնարքները գործի դնելով, վախեցնել մարդկանց: 
 
 Այն, ինչ մեզ հաջողվեց իրականացնել 45 օրվա ընթացքում, դա ամենևին էլ սովորական ստորագրահավաք չէր: Դա մարդու, նրա արժանապատվության, հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական ակցիա էր, որի ժամանակ մեզ հաջողվեց բացահայտել, ինչպես ընդունված է ասել` մեռած հոգիների ավելի քան 30 հազարանոց ընտրողների մի ցուցակ, որն անարգել շրջանառվել է բոլոր ընտրություններում և, առանց չափազանցության, վճռական դեր կատարել ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփման ժամանակ իշխանությունների վերարտադրման հարցում:
 
Այն, ինչին ես ականատես եղա, մասնավորապես գյուղական համայնքներում ունեցած հանդիպումների ժամանակ, անհնար է արտահայտել կամ նկարագրել սովորական բառերով: Ես չտեսա հպարտ ու առնական այն ժողովրդին, որ անցած պատերազմում փառավոր հաղթանակ է տարել հակառակորդի նկատմամբ, ես փնտրեցի ու չգտա նաև հաղթանակած սերնդին: Դրա փոխարեն ես գտա հուսահատված, հուսալքված, հիասթափված մարդկանց, որոնք ոչ թե ապրում, արարում են, այլ հազիվ հազ գոյատևում են շքեղաշուք պալատների ու ամրոցների հարևանությամբ»,-նշել է նա։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 349 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար