Համագործակցություն հանուն կյանքեր փրկելու

23-07-2019 18:40:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 23-ին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչ և տնօրեն Ելենա Միլոշևիչին:
 


Հանդիպման նպատակն էր քննարկել երկկողմ համագործակցության հետ կապված հարցերը:
 
Ողջունելով ՀՀ-ում միջազգային կառույցի ներկայացուցչին՝ Արտակ Նահապետյանն ընդգծեց արտակարգ իրավիճակներում ՊՀԾ դերը՝ որպես աղետներին առաջինն արձագանքող միջազգային կառույց:
 
Իր հերթին Ելենա Միլոշևիչը նշեց, որ ՊՀԾ-ի համար չափազանց կարևոր է նախանշել այն բոլոր ուղղությունները, որտեղ ծրագիրը կարող է աջակցել ՀՀ պատկան մարմիններին առավել պատրաստված լինել հնարավոր աղետների պարագայում:
 
Ելենա Միլոշևիչը, մասնավորապես, մատնանշեց պարենային ապահովվածության, պահեստների ստեղծման և լոգիստիկայի հարցերում երկկողմ փոխգործակցության հնարավորությունները: Նրա խոսքով, Հայաստանի նման՝ փակ սահմաններ ունեցող և դեպի ծով ելք չունեցող երկրում չափազանց կարևոր է ժամ առաջ պատրաստ լինել բնակչությանը պարենով ապահովելուն:
 
Ելենա Միլոշևիչը որպես օրինակ մատնանշեց պարենի ռոտացիոն պահեստներ ստեղծելու ՊՀԾ փորձը, դեպքերի զարգացման երկու սցենարների պարագայում: Ըստ առաջին սցենարի, շուկայում
վերոնշյալ պարենը մշտապես առկա է բավարար մակարդակով և, հակառակը, առկա է որոշակի պաշարներ ստեղծելու անհրաժեշտություն:
 
Ելենա Միլոշևիչը շեշտեց, որ ելնելով Հայաստանի աշխարհագրական դիրքից, մեր երկրի պարագայում առավելապես նպատակահարմար է պարենի պահեստների ստեղծումը:
 
Արտակ Նահապետյանը կարևորեց աղետների պարագայում միջազգային կառույցի կողմից սկզբնական շրջանում (առաջին 7 օրերի ընթացքում) ՀՀ բնակչությունը տրամադրվելիք նյութական օգնության հնարավորությունների առարկայական վերհանումն ու հստակեցումը:
 
Սա, ըստ ՓԾ տնօրենի, չափազանց կարևոր է երկու հիմնական պատճառներով: Նախևառաջ, առաջին օգնությունը չափազանց կարևոր է հնարավորինս շատ մարդկանց կյանքեր փրկելու և մարդկանց դրությունը բարելավելու համար:
 
«Առաջին օրերին, անգամ ժամերին մարդկանց տրամադրված մեկ կտոր հացը անհամեմատելի ավելի կարևոր է, քան թե աղետից տևական ժամանակ հետո տրամադրված լայնածավալ օգնությունը»,- շեշտեց Արտակ Նահապետյանը:
 
Այս գործում, ըստ Արտակ Նահապետյանի, ՊՀԾ-ն, որպես աղետին առաջինն արձագանքող կառույց, ունի կարևորագույն առաքելություն:
 
Մյուս կողմից, ըստ ՓԾ տնօրենի, նյութական առաջին օգնությունը շատ կարևոր է նաև արդեն իսկ արձանագրված սահմանների փակման հնարավորության պարագայում: Այս առումով՝ Արտակ Նահապետյանը բերեց դիզելային վառելիքի տրամադրման կտրոնների օրինակը, որոնք կորցնում են իրենց իմաստը, երբ երկրում վառելիք պարզապես չկա:
 
Ելենա Միլոշևիչը, համակարծիք լինելով ՓԾ տնօրենի առաջ բերած դիտարկումների հետ, պատրաստակամություն հայտնեց սերտացնել և գործնական հողի վրա դնել երկկողմ համագործակցությունը:
 
Քննարկվեց նաև ուսումնական հաստատություններում սննդի արագ պատրաստման և բաշխման կետերի ստեղծման հարցը,
որոնք աղետի ժամանակ կծառայեն որպես արձագանքող ուժերի (փրկարարական և անհետաձգելի աշխատանքներ իրականացնող ուժերի) համար սննդի ապահովման կետեր:
 
Միջազգային կառույցի ներկայացուցիչը խնդրեց տրամադրել այն ուսումնական հաստատությունների ցանկը, որտեղ նախատեսվում է ստեղծել վերոնշյալ կետերը:
 
Հանդիպման վերջում Արտակ Նահապետյանը Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցել սեպտեմբերին Շիրակի մարզի Բավրա անցակետում նախատեսված միգրացիոն հոսքերի կառավարմանը նվիրված համատեղ ուսումնավարժությանը, որն անց է կացվելու ՄԱԿ-ի մեկ այլ կառույցի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 302 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար