ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԲՆԱՋՆՋՈՒՄԸ

Իջևանի դեպքի առումով

24-07-2019 11:19:14   | Հայաստան  |  Հասարակություն
Հուլիսի 23, 2019թ․
 


 
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Իջևանի դեպքերի առումով հայտարարում է՝
 
 
Ի բարօրություն Հայաստանի․
 
Խստորեն դատապարտելով Հայաստանի բնությանը հասցվող յուրաքանչյուր վնասարարություն, դատապարտելի ենք համարում նաև Իջևանում ՀՀ պետական մարմինների կողմից բողոքի գործողության դուրս եկած քաղաքացիների նկատմամբ
ոստիկանական ուժի անհարիր կիրառման ձևերը՝ դիմակավորների և երբեմն անհամազգեստ անձանց ներգրավումը, գիշերային ձերբակալությունները, կալանված մարդկանց գտնվելու վայրը գաղտնի պահելը և այլն։
 
Ամենևին չարդարացնելով, այլ դատապարտելով անտառը հատողներին, միաժամանակ հարց պետք է տալ անտառների կառավարումն ու պահպանումը ստանձնած ՀՀ կառավարությանը, թե ինչո՞ւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին, մինչև օրս, անտառի վերականգնման, ծառատնկման ու խնամքի համար չի տրամադրվել 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված
425 միլիոն դրամը, որը կարող էր ստեղծել առնվազն 500 աշխատատեղ հե՛նց այն անձանց համար, որոնք ցույցի են դիմել, և ինչո՞ւ մինչև այժմ անտառկառավարման պլանների կազմման  համար պետական բյուջեից  չի տրամադրվել նախատեսված 113 միլիոն դրամը։ Ավելին, ՀՀ անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետության անտառային էկոհամակարգն ընդհանրապես չի գույքագրվել ու վեր է ածվել  բացառապես բնափայտի մթերման աղբյուրի, և կարծես թե պետությունը շահագրգռված չէ բացահայտելու մեր անտառների իրական վիճակը։ 
 
Ամենակարևորը․ ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության բնական ռեսուրսները ժողովրդի սեփականությունն է, սակայն ի հակադրություն ՀՀ Անկախության Հռչակագրի, որի հիմքով կազմվել է ՀՀ Սահմանադրությունը, ժողովրդի սեփականությունը հանդիսացող անտառը ՀՀ անտառային օրեսգրքով ու այլ օրենսդրական ակտերով սահմանվել է որպես պետական սեփականություն, երբ պետությունը ազգային սեփականությունը կառավարող օպերատոր է, այլ ոչ թե սեփականատեր։ Ավելին․ ՀՀ կառավարությունը, որպես ազգային սեփականությունը կառավարող օպերատոր, և ՀՀ Ազգային Ժողովը, որպես օրենսդիր, չեն կարգավորել ազգային սեփականության, այդ թվում անտառների օգտագործման, խնամքի ու պահպանման առումով այնպիսի օրենքների ընդունում և գործարկում, որոնք կապահովեին անտառների պահպանումն ու զարգացումը։ Իրականում պետությունը, ընդհակառակը, իր կառավարիչների թողտվությամբ, իսկ երբեմն՝ մասնակցությամբ, պայմաններ է ստեղծել, որ անտառը դառնա մասնավոր բիզնեսների հարստացման համար հակաօրինական միջոց՝ քաղաքացիական ունեցվածքի հարստահարման և անտառի ոչնչացման հաշվին, ինչը ընդհանուր գործելակերպ է դարձել Հայաստանի Հանրապետության տնտեսության բոլոր ոլորտներում՝ Սևանա լճի, գետերի, էլեկտրակայանների, հանքերի և քաղաքացիական ունեցվածքի մյուս ռեսուրսների շահագործման գործընթացում: 
 
Եվ պատահական չէ, որ իր սեփականությունից անիրավականորեն զրկված ու հպատակի կարգավիճակում հայտնված ժողովուրդը, որի աչքի առաջ է կատարվում հանրային սեփականության կողոպուտը, չունի շահագրգռություն պահպանելու իրենից օտարված սեփականությունը։ 
 
 
«Համահայկական Ազգային Համաձայնությունը» հայտարարում է՝ 
 
վե՛րջ տալ անտառի նկատմամբ ժողովրդի սեփականության իրավունքի ոտնահարմանը։ ՀՀ Ազգային ժողովը պարտավո՛ր է համապատասխանեցնել ՀՀ անտառային օրենսդրությունը ՀՀ Անկախության Հռչակագրով սահմանված անտառային ռեսուրսների նկատմամբ ժողովրդի սեփականության իրավունքի հաստատագրմանը։ Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր ատյաններում պետք է անհապաղ նախաձեռնել անտառի պահպանմանը նպատակաուղղված իրատեսական, գործուն ու խթանող կառավարչական միջոցառումներ, ապահովելով բնակիչների մասնակցությունը, և բացառել  ոստիկանության օգտագործումը որպես սաստող մահակ սեփական ժողովրդի դեմ, ինչպես եղել է Հայաստանի անկախացումից մինչ օրս:  
 
 
Մտավորականների խորհուրդ,
համակարգող՝ Արթուր Արմին
 
 
Քաղաքական կուսակցությունների խորհուրդ,
համակարգող՝ Արթուր Կոնտակչյան
 
 
Հասարակական կազմակերպությունների 
և նախաձեռնությունների խորհուրդ,
համակարգող՝ Աշոտ Աշոտյան
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 384 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար