Կապահովվի հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների տրամադրումը

15-08-2019 16:46:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնմանն  աջակցող միջոցների տրամադրումն ապահովելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ պետբյուջեի միջոցներով «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն» ծրագրի «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող տեխնոլոգիաներով ապահովում և դրանց վերանորոգում»  և «Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ ձեռքբերելու համար հավաստագրերի տրամադրում»  միջոցառումների շրջանակում շահառուներին,  պետական հավաստագրերի հիման վրա, տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ` որակավորված և նախարարության հետ պայմանագիր կնքած
կազմակերպությունների կողմից:
 
Պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցների տրամադրումը հնարավորություն է ընձեռում անձին ընտրություն կատարել և ձեռք բերել իր կարիքին առավելագույնս հարմար աջակցող միջոցներ: Շահառուների դիմելիության ծավալի ավելացման արդյունքում որոշ աջակցող միջոցների`2019 թ. տարեկան բյուջեով նախատեսված քանակն սպառվել է:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ անհրաժեշտություն է առաջացել պետբյուջեի վերաբաշխման միջոցով ավելացնել տրամադրվող որոշ աջակցող միջոցների քանակը՝ հատկացնելով  հավելյալ 71 մլն 328 հազար դրամ՝ 1253 սարքի համար: «Բոլոր սարքերի տրամադրումը հավաստագրերի հիման վրա սկսվել է 2019 թ. հունվարից: Սա նոր մեթոդ է: Նախկինում շատ քաղաքացիներ նույնիսկ չէին դիմում սարքերի համար, քանի որ դրանք տրամադրվում էին միանման և իրենց կարիքին ոչ համապատասխան»,- ասել է նախարարը: 
 
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ համապատասխան կարգում անցյալ տարի
իրականացված փոփոխությունը մեծացրել է քաղաքացիների հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ, քանի որ այն հնարավորություն է տալիս շահառուներին հավաստագրի միջոցով շուկայից ձեռք բերել  իրենց կարիքներին համապատասխան սարքեր: «Դա նշանակում է, որ այս գործիքն արդեն կոնկրետ մարդկանց կարիքներին համապատասխան սկսում է  գործել», - հավելել է կառավարության ղեկավարը:  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 403 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար