«Ռոմանոս Մելիքյանի» դիմորդներին քննում են վաստակավոր և ժողովրդական արտիստներ

15-08-2019 17:39:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Այս տարի Ռոմանոս Մելիքյան անվան պետական քոլեջ ընդունելության մեծ հոսքը  կապում եմ  երկրում  տեղի ունեցող դրական փոփոխությունների հետ, որոնք  սկիզբ են առել նաև քոլեջում: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց տնօրեն Վարազդատ Խաչումյանը:
Բարեփոխումների մեկնարկը քոլեջի տնօրենը սկսել  քոլեջը տնօրինելու հենց առաջին օրվանից: Այս տարի առաջին անգամ քոլեջում ընդունելության քննության մասնագիտական հանձնաժողովների կազմ են հրավիրվել իրենց ոլորտներում մեծ վաստակ ունեցող հռչակ ու բարի անուն վայելող արտիստներ․ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, համաշխարհային հռչակ վայելող օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը՝ երգեցողության քննական հանձնաժողովի կազմում, ՀՀ ԶՈւ գլխավոր զինվորական դիրիժոր Արմեն Պողոսյանը՝ փողային և հարվածային գործիքների, Արամ Մերանգուլյանի անվան վաստակավոր անսամբլի դիրիժոր Աշոտ Պետրոսյանը՝ ժողովրդական գործիքների քննող հանձնաժողովներում։ 
 
Անվանի արտիստների նախագահությամբ կազմված հանձնաժողովները անաչառ, թափանցիկ ու արդար քննություններ անցկացնելու նպատակ են ունեցել։ Եվ ինչպես վկայում են դիմորդների ու նրանց ծնողների արձագանքները՝ գոհ ու տպավորված էին բոլորը։ Բոլորն էլ վկայեցին՝  քննություններն  անցել են բացարձակապես անաչառ ու բարյացակամ մթնոլորտում։ 
 
«Աննկարագրելի ջերմ, բարյացակամ, յուրաքանչյուր երեխայի հանդեպ  առանձնահատուկ ուշադիր ու համբերատար վերաբերմունք։ Շատ շնոր
հակալ եմ, թե՛ տնօրինությանը, թե՛ հանձնաժողովի անդամներին նման բարձր մակարդակի ընդունելություն անցկացնելու համար»,- ասաց  դիմորդներից մեկի՝ Արամի մայրը՝ Աննա Մխիթարյանը։ 
 
 Արդար քննությունների անցկացումը նաև լավագույն դիմորդներին ընտրելու, քոլեջում սովորողների որակը բարձրացնելու հնարավորություն է տալիս։  Այս տարի քոլեջի դիմորդների թիվը կրկնակի  շատ է։ Սա քննող հանձնաժողովների անդամներին հնարավորություն է տալիս ընտրել իսկապես
արժանավորներին ու լավագույն ուսանողներով  համալրել մասնագիտական բոլոր դասարանները։ 
 
Ժողովրդական գործիքների բաժինը երբեք դիմորդի պակաս չի ունեցել, բայց այս տարի էլ այստեղ նախորդ տարիների համեմատ, դիմել են կրկնակի  շատ աշակերտներ, անգամ այնպիսի գործիքներ նվագող, որոնք, ինչպես ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գեորգի Մինասյանն է ասում, վերացող գործիքներ են դարձել. սանթուր, ուդ, թառ ու քամանչա։ 
 
Արամ Մերանգուլյանի անվան վաստակավոր անսամբլի դիրիժոր Աշոտ Պետրոսյանի խոսքով՝ այդ գործիքները նվագող երաժիշտների պակաս կա այսօր պետական նվագախմբերում, և այսպիսի քննությունները նաև լավագույններին այս ոլորտ բերելու ու ոգևորելու միջոց են․ «Անկողմնակալ ու արդար քննությաններ են, լավագույններին ընտրելու նպատակով, մեզ բարձրակարգ երաժիշտներ շատ են պետք»։ 
Գ. Մինասյանն արդեն 29 տարի աշխատում է Ռ․ Մելիքյանի անվ․ քոլեջում, և ինչպես ինքն է ասում, իրեն թույլ աշակերտներ պետք չեն․ «Ինձ անհրաժեշտ են կիրթ, գրագետ դուդուկահարներ, նոտա կարդացող դուդուկահարներ։ Իմ նպատակն է՝ դաստիարակել կիրթ, արիստոկրատ, ինտելեկտով երաժիշտներ»։ 
 
Հանձնաժողովի մեկ այլ անվանի անդամ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, դաշնակահար Գևորգ Մանասյանը երկար տարիներ ղեկավարել է քոլեջի ժողգործիքների բաժինը, դրական է գնահատում այն փոփոխությունները, որոնք սկիզբ են առել քոլեջում․ 
«Մեզ պետք են պրոֆեսինոլ երաժիշտներ»,- ասաց նա։
 
 Գ. Մանասյանի ղեկավարած քոլեջի ժողովրդական նվագախումբը սեպտեմբերին պատրաստվում է բարեգործական մեծ շրջագայության Հայաստանի մարզերով։ 
 
Ըստ քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի՝ սա ևս երաժշտությունն ու Ռ. Մելիքյանի անվ. քոլեջի անունը հայտնի դարձնելու և մարզերից էլ տաղանդավոր երեխաներ ներգրավելու միջոց է։ Եվ ընդհանրապես, այսուհետ համերգներն ու շրջագայությունները պետք է կազմեն քոլեջի ուսումնական ծրագրի պարտադիր բաղադրիչը։ Առանց համերգների ու բեմական կյանքի, որտեղ հաստատվում, հղկվում ու կատարելագործվում են երգիչներն ու երաժիշտները, անհնար է  պատկերացնել ապագա արտիստների մասնագիտական աճը։
 
 «Այդ ուղղությամբ առաջին քայլն արդեն արել ենք։ Մեր քոլեջի սաները այս տարի երկարատև ընդմիջումից հետո   հաշվետու համերգ ունեցան պրոֆեսիոնալ բեմում՝«Առնո Բաբաջանյան» համերգասրահում, անվանի երաժիշտների  նվագակցությամբ: Համերգին ներկա էին  Ռուբեն Մաթևոսյանը, Արամ Սաթյանը, Ռոբերտ Ամիրխանյանը,Ավետիս բերբերյան, Էդգար Գյանջյումյանը, Առնո Բաբաջանյանի քոլեջի տնօրեն Արմեն Հարությունյանը և ուրիշ շատ այլ անվանի երաժիշտներ։  Շատ ոգևորող ու հիշարժան համերգ էր  և՛ սաների, և՛ մեզ համար։ Ի դեպ՝ մյուս հաշվետու համերգը ծրագրում ենք կազմակերպել Առնո Բաբաջանյանի անվ. քոլեջի հետ, համատեղ ծրագրեր ունենք արդեն փորձի փոխանակման շրջանակներում»,-ասաց Վ. Խաչումյանը:
 
Նա հավելեց,  որ  ամեն ինչ անելու ենք, որ Ռոմանոս Մելիքյան թանկ անունը, որը հիմքն է դարձել հայկական երաժշտական պրոֆեսիոնալ կրթության, պահպանվի ու հայկական երաժշտության զարգացման նոր շավիղներ ստեղծի։  
 
Ի դեպ՝ նախատեսվում են նաև շենքային պայմանների բարելավման աշխատանքներ։ Քոլեջի տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Վահրամ Աբիսողոմոնյանից տեղեկացանք, որ պետք է վերանորոգման աշխատանքներ կատարվեն, իսկ շենքի նկուղային հարկում ստեղծվելու է մեծ ընդարձակ դահլիճ։ Նաև նախատեսում են լրացնել գործիքային համակազմը՝ պահանջարկից ելնելով։ 
 
 Քոլեջի տնօրեն Վարազդատ  Խաչումյանի խոսքով՝ սահմանափակ տեղերի պատճառով դուրս են մնացել  նաև տաղանդավոր դիմորդներ,որոնց ծնողները բնականաբար դժգոհ են մնացել, գուցե և  ինչ-ինչ պատճառներով հիասթափվել:
 
Նա հույս ունի, որ հաջորդ տարի նախարարությունն ավելի շատ տեղեր կհատկացնի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջին:
«Ես սիրով բոլոր ծնողներին, ովքեր դժգոհ են  մնացել, ընդունել եմ, անձամբ եմ զրուցել նրանց հետ և բացատրել, թե ինչն է պատճառը,որ նրանց երեխաները դուրս են մնացել մրցակցությունից»,-ասաց Վ. Խաչումյանը:
 
Տնօրենը նաև շեշտեց, որ ընդունելության քննությունների ողջ ընթացքը տեսանկարահանվել է, ինչը ևս կարող է փաստել, որ քննություններն անցել են թափանցիկ:
 
Yerevaklur.am
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1115 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար