Զարեհ Սինանյանն ընդունել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարարին

15-08-2019 18:10:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային: 
 
Զարեհ Սինանյանը նախ ներկայացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը և Հայաստան-սփյուռք հարաբերություններում տարվող աշխատանքները: «Սփյուռքը լուրջ դերակատարություն ունի հայրենիքի կյանքում, և պետությունն է
լ իր հերթին մեծ կարևորություն է տալիս հայկական սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդմանը: Ուրուգվայում ևս ապրում են մեծաթիվ հայեր, և մեր պետությունների միջև առկա են բարեկամական կապեր: Ուրուգվայը մշտապես եղել է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին, որի համար շնորհակալ եմ»,-նշեց Գլխավոր հանձնակատարը:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Ռոդոլֆո Նին Նովոան ընդգծեց հայերի դերն Ուրուգվայում, նշեց՝ իրենց տվյալներով՝ այժմ 20 հազար հայ է ապրում այնտեղ: «Հայերն Ուրուգվայում նպաստում են հասարակության զարգացմանը, պահպանում են ինքնությունը, դա է վկայում հայկական դպրոցների ու եկեղեցիների առկայությունը: Հետաքրքիր համակեցություն է՝ լինել Ուրուգվայի քաղաքացի և մնալ հայ, պահպանել ինքնությունը»,-նշեց պարոն նախարարը: Նա առանձնացրեց հայ համայնքի այնպիսի հայտնի ներկայացուցիչների անուններ, ինչպիսիք են Ուրուգվայի սպորտի և զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը, համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը, հայտնի մարզիչ Սերխիո Մարգարյանը:
 
Ուրուգվայը համեմատաբար փոքրաթիվ սփյուռք ունի՝ մոտ կես միլիոն: Նախարարին հատկապես հետաքրքրում էր Հայաստանի փորձը սփյուռքի հետ աշխատանքներում, որը կարող է օգտակար լինել նաև Ուրուգվայի համար: Ըստ Նովոայի՝ այս ոլորտում
համագործակցության խորացմանը նպաստելու է նաև Հայաստանում Ուրուգվայի հյուպատոսության բացումը:  
 
Զարեհ Սինանյանը շեշտեց՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը բաց է սերտ համագործակցության և փորձի փոխանակման համար: 
 
Այնուհետև կողմերը անդրադարձան հայկական սփյուռքի աշխարհագրական տարածվածությանը և բազմազանությանը, հայրենադարձության հնարավորություններին, Հայաստան-Ուրուգվայ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում հայ համայնքի ներգրավմանը: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 572 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար