Հեղափոխություն Արցախում. «իդեալական» պայմաններ ընտրությունների համար

16-08-2019 10:57:54   | Հայաստան  |  Վերլուծություն
Արցախում սկսվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական արշավը, եւ արդեն հայտնի են Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուները: Քարոզարշավն սկսվել է, եւ այն կտրականապես տարբերվում է նախկին բոլոր արշավներից «իշխանության գործոնի բացակայությամբ»:
 


Թեկնածուների հետեւում այս կամ այն ազդեցիկ իշխանական անձի կանգնած լինելու սովոր ստեփանակերտցիները երկար փորձում էին պարզել, թե ում են աջակցում Բակո Սահակյանն ու մյուսները: Հետո պարզ դարձավ, որ Արցախում յուրատեսակ հեղափոխություն է տեղի ունեցել: Այստեղ չեն տապալել իշխանությունը, նրան պարզապես ստիպել են հրաժարվել քաղաքական մենաշնորհից:
 
Այս «հեղափոխությունից» հետո Արցախում իշխանությունը «սեղմվել է» իրավակարգին ու պետական մեխանիզմի աշխատանքին հետեւելու շրջանակներում: Սրանք իդեալական պայմաններ են ընտրությունների համար, որոնք երկար տարիների ընթացքում առաջին անգամ կանցնեն առանց քաղաքական մենաշնորհի:
 
Բոլոր թեկնածուների համար մեկնարկային պայմանները նույնն են ինչպես
մունիցիպալ ընտրություններում, այնպես էլ հաջորդ տարվա գարնանն սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում: Դա պարզ է դարձել նախեւառաջ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքից հետո: Երեւանը ոչ ոքի աջակցություն չի հայտնել, բայց հայտարարել է, որ ոչ նախկին մարտական ծառայությունները, ոչ իշխանությունում աշխատանքը չեն կարող առավելություն տալ ընտրության ժամանակ: Հավասար մեկնարկային պայմաններն էլ հենց հեղափոխություն է, որի տարածման մասին Արցախում խոսել է Նիկոլ Փաշինյանը:
 
Երեւանն օգնել է Ստեփանակերտին «իդեալական պայմաններ» ստեղծել՝ չեզոքացնելով խժդժությունների սպառնալիքը: Սամվել Բաբայանը, ինչպես գրում են հայկական լրատվամիջոցները, ըստ երեւույթին հրաժարվել է հանրահավաքային պայքարի գաղափարից: Չի բացառվում, որ նա դաշինքի մեջ կմտնի արցախյան այլ ուժերի հետ խորհրդարան մտնելու համար: Բայց դա էլ «իդեալական վիճակի» մաս է, որովհետեւ ընտրությունն արցախցիներինն է լինելու:
 
Արցախում անկախ թեկնածուների մասնակցությամբ ընտրություններ եղել են: 2004 թվականին, ի հեճուկս իշխանությունների, Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր թեկնածու Էդուարդ Աղաբեկյանը: 2007 թվականին Մասիս Մայիլյանը
եւ 2012 թվականին Վիտալի Բալասանյանը նույնպես կարողացել են ընտրողների մեծ աջակցություն ստանալ նախագահական ընտրություններում: Բայց իշխանության մենաշնորհը պահպանվում էր, եւ Երեւանից ձգվող ուղղահայացը թույլ էր տալիս կարգավորել գործընթացներին իշխանությանը հարմար հունի մեջ:
 
Հիմա այդ ուղղահայացը չկա, հորիզոնական տարածություն է, որտեղ թեկնածուների արժեքը որոշվում  է նրա արժանիքներով: Ահա այսպիսի հեղափոխություն:
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 612 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար