ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբն այցելել է Հայաստան

22-08-2019 15:53:35   | Հայաստան  |  Հասարակություն
Օգոստոսի 19-ից 22-ը հերթական այցով Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի թիմը: 
 

Այցի նպատակն էր մասնակցությունը ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագրի մեկնարկին և մասնագիտական քննարկումների անցկացումը: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ աշխատանքներին ներգրավվել էին ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների, Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
 
Օգոստոսի 19-ին խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի
պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը: Քննարկվել են ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի ինքնագնահատման գործընթացի իրականացման ընթացիկ վիճակին և դրա շրջանակներում սպասվող միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գոհունակությամբ են նշել ինքնագնահատման գործընթացի շրջանակներում գրանցված առաջընթացը և պատրաստակամություն հայտնել այդ ուղղությամբ ընդլայնել համագործակցությունը:
 
Օգոստոսի 20-ին և 21-ին կազմակերպվել են խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, որտեղ 2019թ. ուսումնական տարվա առաջին կուրսի կուրսանտների համար մեկնարկել է «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագիրը: Հանդիպումներ են անցկացվել ռազմական կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: 
 
Խորհրդատվական խմբի այցն ամփոփվել է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Կողմերը համաձայնեցրել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատություն​ների հետ ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի համագործակցության
հետագա ծրագրերը և ուղենիշները: 
 
«Լավ կառավարում և բարեվարքություն» առարկան պրոֆիլային կրթօջախներում ներդնելու և այս ուղղությամբ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հարցում հետաքրքրվածություն է ցուցաբերվել ՀՀ ոստիկանության կողմից: Այցի ընթացքում պաշտպանության նախարարությունը կազմակերպել է խորհրդատվական խմբի հանդիպումները նաև ոստիկանական համակարգի հաստատություներում:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 601 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար