ԵՏՄ-Հայաստան թելը դարձյալ կտրվել է

26-08-2019 09:23:39   | Հայաստան  |  Վերլուծություն
Սպայկա ընկերությունը հայտարարություն է տարածել Վերին Լարսում դեղձով բեռնված իր բեռնատարների արգելակման մասին: Ըստ հաղորդագրության, բեռնատարները երեք օր է գտնվում են Վերին Լարսում, եւ չկա անհրաժեշտ ջերմային ռեժիմ, որը կապահովի արտահանվող դեղձի պահպանումը: Սպայկան հայտնում է, որ ռենտգենը բեռնատարներն անցել են դրական, սակայն հետո նշանակվել է անհասկանալի զննում:
 


Վերին Լարսում բեռնափոխադրման խնդիրները հայկական ընկերությունների համար նոր չեն եւ այլեւս չեն զարմացնում որեւէ մեկին: Այդ խնդիրները պարբերաբար ստանում են ինչ որ բացատրություն, սակայն ընդհանուր իրավիճակը վաղուց թերեւս անբացատրելի է, կամ գուցե բացատրելի՝ մի քանի հանգամանքով: Վերին Լարսը Ռուսաստանի քաղաքականության գործիք է, որ կարող է կիրառվել թե Հայաստանի, թե Վրաստանի դեմ: Ընդ որում, Վրաստանի դեմ կիրառելիս տուժում են նաեւ հայերը:
 
Վերին Լարսը նաեւ արտացոլում է ռուսական կառավարման վիճակը, եւ ամենաթողությունը միանգամայն բնորոշ է դրան:
 
Մյուս կողմից, Վերին Լարսը Հայաստանի դեմ գործիք կարող է լինել նաեւ Վրաստանի համար, առնվազն տեսականում:
 
Համենայն դեպս այն, որ Լարսում պարբերական
խոչընդոտները տեւում են արդեն տարիներ, վկայում է, որ անցակետում «կուտակված» են բազմաշերտ քաղաքական խնդիրներ: Ռուսաստանին դրանք չեն հուզում, իսկ Հայաստանն ու Վրաստանը դեռեւս չեն կարողանում ձեւավորել Ռուսաստանին այդ անցակետում ընդհանուր որոշման բերելու եւ հարցերը հիմնարար լուծման ենթարկելու միասնական գործիքակազմ:
 
Տեղից չի շարժվում նաեւ այլընտրանքի հարցը: Թվում է, որ Վրաստանն ու Ռուսաստանը առաջընթաց էին արձանագրում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով այլընտրանքային ճանապարհների գործարկման վերաբերյալ 2011-ի պայմանագիրն իրագործելու բանակցությանը, սակայն ռուս-վրացական վերջին լարվածությունը, որ բռնկվեց անհեթեթ թվացող կայծից, կարող է լուրջ վնաս հասցրած լինել նաեւ այդ գործընթացին:
 
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ զբաղվում է խնդրով: Տարբեր քննարկումներում հպանցիկ շոշափվել է Լարսում Հայաստանի մշտական ներկայացուցիչ ունենալու հարցը: Դա կարող է բարձրացնել խնդիրների լուծման օպերատիվությունը, թեեւ ընդհանուր պատկերի փոփոխությունն անշուշտ գտնվում է քաղաքական բարձր մակարդակում, որին սակայն հարցն իբրեւ օրակարգային թերեւս չի մոտեցել:
 
Մինչդեռ, ավելի ցածր մակարդակում առկա իրողությունները եւ կոռուպցիոն ռիսկերը հուշում են, որ այդ իրավիճակը կարող է տարբեր սաբոտաժների կամ շանտաժային քայլերի համար ծառայել առանձին խմբերի, քարոզչականից մինչեւ առավել
նյութական շահագրգռությունների համատեքստում:
 
Այդ ամենով հանդերձ, Լարսը Հայաստան-ԵՏՄ կապի անընդհատ կտրվող եւ քարկապերով միացող թելն է:
 
Արդյոք Երեւանին արժե մտածել Լարսի հարցն այդ մակարդակներում առավել սուր դնելու մասին, թե՞ Երեւանը խուսափում է ավելորդ կոնֆլիկտային իրավիճակից, քանի որ այն հավելյալ բեռ կարող է լինել առանց այդ էլ զանազան հարցերում ներքին ու արտաքին միավորումներով հարվածի տակ գտնվող հետհեղափոխական իրավիճակի համար:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 706 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար