Այս պահի դրությամբ երկրաշարժին հետևած բոլոր հետցնցումները ավելի թույլ են, քան առաջին ցնցումը.ԱԻՆ

ՀՀ ԱԻն-ը հայտնում է սեյսմիկ ակտիվության նվազման մասին

11-09-2019 10:40:47   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ այս պահի դրությամբ երկրաշարժին հետևած բոլոր հետցնցումները ավելի թույլ են, քան առաջին ցնցումը, հետևաբար՝ կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է:
 


 
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջին ուժգնությամբ և մեծ թվով երկրաշարժները բնորոշ են Ջավախքի խզվածքային գոտուն:
 
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, համաձայն գործող կանոնակարգի, շարունակում է
իրականացնել շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ մշտադիտարկում: Բազմապարամետրային մշտադիտարկման տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, չեն սպասվում լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ:
 
Սեյսմիկ ռեժիմը գտնվում է վերահսկողության տակ, և հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻ նախարարությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ այս պահին, նախնական տեղեկատվությամբ, ՀՀ տարածքում զոհեր և ավերածություններ չկան:
 
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
 
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում: Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով ՀՀ տարածքում զոհեր և ավերվածություններ չեն եղել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ պետական սահմանից 7.5 կմ հեռավորության վրա: Երկրաշարժին հետևել է 1.8 մինչև 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 263 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար