Գրիշա Թամրազյանն ընդունել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի ղեկավարներին

13-09-2019 16:56:15   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա  Թամրազյանն ընդունել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկին և գլխավոր քարտուղար Մաթիաս Պեչովնիկին: Նրանք Հայաստան են ժամանել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի հիմնադրման 25 ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը:
 


Ողջունելով հյուրերին` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը կարևորել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությունը Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի և համանման եվրոպական կառույցների հետ. «Մենք կարևորում ենք այն մեծ աշխատանքը, որ ասոցիացիան կատարում է համալսարանական սպորտի զարգացման ասպարեզում և ուրախ ենք, որ Հայաստանի մարզական ֆեդերացիան մաս է կազմում այս գործընթացին»,- նշել է նախարարի տեղակալը` հավելելով, որ Հայաստանում այժմ ընթացքի
մեջ է ուսանողական մարզական լիգաների կազմավորումը:
 
Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը, նշելով, որ  Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ արդյունավետ  համագործակցության դրական ավանդույթներ են ձևավորվել, շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը, մասնավորապես այս տարվա հունիսին Նեապոլ քաղաքում տեղի ունեցած ունիվերսիադայում Հայաստանի ուսանող մարզիկների մասնակցությունն ապահովելու համար:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև 2020 թվականին Երևանում Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի ընդհանուր ժողովի անցկացման հարցը: Ադամ Ռոշեկի խոսքով` ընդհանուր ժողովը Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի գալիք տարվա ամենակարևոր միջոցառումն է, և ակնկալվում է, որ դրան մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն շուրջ 150 երկրների համալսարանական սպորտի ազգային և միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ:  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գ.Թամրազյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել, որպեսզի նման պատասխանատու միջոցառումն անցկացվի բարձր կազմակերպվածությամբ:  
 
Նշենք, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան 2012 թվականից Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է և ակտիվորեն մասնակցում է մարզական մրցաշարերին:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 339 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար