Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայից ժամանած ուխտավորներին

13-09-2019 18:10:14   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի հայոց թեմի ուխտավորներին՝ առաջնորդությամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի: Թեմի տարբեր համայնքներ ներկայացնող ուխտավորները ժամանել են Սուրբ Էջմիածին թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հոգեշնորհ Տ.Գրիգոր աբեղա Խաչատրյանի վարդապետական թեզի պաշտպանության առիթով:
 

Վահան Սրբազանը ուխտավորների անունից ուրախություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հյուրընկալության և հայրական օրհնության համար` գնահատանքով անդրադառնալով նաև Հայր Գրիգորի հոգևոր ծառայությանը: 
 
Վեհափառ Հայրապետն, իր օրհնությունը փոխանցելով ուխտավորներին, գոհունակությամբ նշեց, որ հաճելի է տեսնել այն հոգևոր ամուր կապը, որ ձևավորվել է եկեղեցականի և նրա
համայնքայինների միջև: Շնորհավորելով Հայր Սուրբին վարդապետական թեզի պաշտպանության առիթով՝ Նորին Սրբությունն անդրադարձավ Եկեղեցու կյանքում վարդապետաց դասի կարևոր առաքելությանն ու դերակատարությանը:  
 
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց հայորդիներին եկեղեցական կյանքում նրանց կարևոր ներգրավվածության համար: Նորին Սրբությունն անդրադարձավ Ֆրանսիայի հայոց թեմի գործունեությանը և Սփյուռքի առջև ծառացող մարտահրավերներին` ընդգծելով, որ փորձություններին հնարավոր է դիմակայել համայնքների համախմբվածության և հզոր հավատքի շնորհիվ: 
 
Հայոց Հայրապետը պատգամեց փարված մնալ նախնյաց սուրբ հավատքին և հավատարիմ ազգային ինքնությանը շարունակել գործուն մասնակցությունը ազգային-եկեղեցական կյանքում: 
 
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերը պահապան լինի Ֆրանսիայի թեմի հոգևոր դասին և զորացնի ֆրանսահայ համայնքին իր հավատքի մեջ:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 518 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար