FAST-ը ԶԼՄ ներկայացուցիչների համար անցկացրել է «Հայաստանի նորարարական էկոհամակարգը» թեմայով դասընթաց

13-09-2019 18:17:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Այսօր` սեպտեմբերի 13-ին, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գրասենյակում տեղի ունեցավ հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսված «Հայաստանի նորարարական էկոհամակարգը» խորագիրը կրող ճանաչողական այց-դասընթացը:
 
FAST-ի կողմից նախաձեռնված հատուկ լրագրողների համար մշակված տեղեկատվական դասընթացի նպատակն էր նորարարական ոլորտի միջազգային նշանակալի իրադարձություններից մեկին՝ «GIF19»-ին («Վերափոխելով բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորում) ընդառաջ լրագրողներին ծանոթացնել ոլորտում կիրառվող նոր տերմինաբանությանը,  արհեստական բանակության էությանն ու կիրառությանը, էթիկական խնդիրներին: 
 
Հանդիպումը մեկնարկեց FAST-ի գրասենյակ շրջայցով, որի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացան Հիմնադրամի գործունեությանը, թիմի անդամներին, նրանց աշխատանքային առօրյային: Միջոցառման մասնակիցներին ողջունեց FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, ով անդրադարձ կատարեց արհեստական բանականությանը, դրա ազդեցության ընդլայնմանն ամբողջ աշխարհում և Հայաստանում: Վերջինս շեշտեց, որ արհեստական բանականությունն իր ազդեցությունն ունի մեր կյանքի տարբեր բնագավառների վրա, ինչպիսիք են` գյուղատնտեսությունը, բանկային
համակարգը, զբոսաշրջությունը և այլն: Անդրադառնալով ժամանակակից տեխնոլոգիական  աշխարհում Հայաստանի դերին`  Արմեն Օրուջյանը փաստեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արդեն իսկ արձանագրել  ենք նշանակալի հաջողություններ, և Հայաստանն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա զբաղեցնում է իր ուրույն տեղը : «Հայաստանը պետք է ակտիվ մասնակցություն և ներդրում ունենա աշխարհի տեխնոլոգիական զարգացումներում, հակառակ դեպքում կմնանք հանդիսատեսի կարգավիճակում: Հայաստանն ունի մեծ ներուժ և  հնարավորություն, որոնց շնորհիվ մենք կբարելավենք մեր դիրքն այդ քարտեզի վրա և  կհասնենք մեր առջև դրված ցանկալի արդյունքին»:  
 
Դասընթացի շրջանակում ներկայացվեցին Հայաստանի նորարարական ոլորտի էկոհամակարգի ներկայիս վիճակն ու խնդիրները, արհեստական բանականության էությունն ու դրա կիրառման հնարավորությունները: Իր խոսքում FAST-ի գործընկերության և ծրագրերի գծով տնօրեն,փոխնախագահ Սյուզաննա Շամախյանն ասաց. «Այսօր մեր հասարակության կարևորագույն խնդիրներից է կրթության մրցունակության ապահովումը և գիտական արդյունքների արդյունավետության բարձրացումը։ Հիմնական դրական միտումները խտացված են IT ոլորտում, այդուհանդերձ բացակայում է գիտության նկատմամբ ուշադրությունը: Այս տեսանկյունից մեզ համար շատ կարևոր է զարգացնել և հավասարակշռել գիտության բոլոր կարևոր ճյուղերը՝ այդ թվում կենսատեխնոլոգիաները, նոր նյութերի գիտությունը և այլն, և հասնել համընդհանուր այն գիտակցմանը, որ գիտատեխնոլոգիական զարգացումն      է մեր երկրի համար կարևոր ռազմավարական ուղղությունների շարժիչ ուժը՝ հաշվի առնելով դրա բազմապատկող ազդեցությունը (multiplicative effect) տնտեսության այլ ոլորտների վրա»։
 
Սյուզաննա Շամախյանը  Հայաստանում գիտության զարգացման գործընթացներում  կարևորեց   լրատվամիջոցների դերը, քանի
որ հենց ԶԼՄ-ների միջոցով են հանրությանը պատմելու և ներկայացնելու գիտական, տեխնոլոգիական գիտելիքների, նորարարական մոտեցումների և կրթության անհրաժեշտությունն ու կարևորությունը։
 
ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսված դասընթացի շրջանակում հիմնադրամի տվյալագիտության փորձագետ Մհեր Մաթևոսյանը ներկայացրեց արհեստական բանականության մասին միֆերն ու  կարծրատիպերը. «FAST-ը նման հանդիպումների միջոցով փորձելու է արհեստական բանականության վերաբերյալ տեղեկատվությունն ավելի հասանելի դարձնել լայն հասարակությանը՝  պարզաբանելով արհեստական բանականության էությունն ու դերը մարդու կյանքի և գործունեության տարբեր ոլորտներում»:
 
Դասընթացի ավարտին ԶԼՄ ներկայացուցիչները ստացան վկայականներ FAST-ի կողմից: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 485 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար