Ուսանողները կներկայացնեն իրենց նախագծերը հոկտեմբերի 18-ին` «Ավրորա» ֆորումի ընթացքում

16-09-2019 10:56:29   | Հայաստան  |  Հասարակություն
:
 


«Երիտասարդական Ավրորա» նախագծին մասնակցող «Միացյալ աշխարհի քոլեջների» (UWC եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի ուսանողների տասնյակ հայտերից եզրափակիչ փուլ  է անցել երեք նախագիծ. «Անծուխ խոհանոցներ» ՝ UWC Արեւելյան Աֆրիկայից, «Թանկարժեք պլաստիկ» ՝ UWC Փիրսոն քոլեջից եւ «Երիտասարդ ձայներ» ՝ UWC Ատլանտիկ քոլեջից: Շնորհավորում ենք երեք թիմերին, որոնք պատրաստվում են իրենց նախագծերը ներկայացնել հոկտեմբերի 18-ին` Հայաստանում  կայանալիք «Ավրորա» ֆորումի ընթացքում: 
 
Արդեն երրորդ տարին է«Երիտասարդական Ավրորան» (նախկինում՝ «Ավրորա» մարդասիրական նախագիծ UWC դպրոցների եւ քոլեջների համար) ընդունում է նորարարական գաղափարներ եւ մանրամասն ուսումնասիրված ծրագրերի հայտեր, որոնք խրախուսում են իրար հետ մրցող ուսանողական թիմերին՝ հաղթահարելու իրենց շրջապատում հանդիպող  մարդասիրական մարտահրավերները: Մարդասիրական ոգին ամրապնդելու գաղափարը դրված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմքում, որը Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների հիմնել է մի շարք նախագծեր՝ աջակցելու նրանց, ովքեր հույս են տալիս եւ օգնում մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեցողներին աշխարհով մեկ: Այդ նախագծերից է «Երիտասարդական Ավրորան», որը խրախուսում է ուսանողական նախագծերին, որոնք նորարարական ու կայուն լուծումներ են առաջարկում մարդասիրական որոշակի խնդիրներին: Անցած տարի 2018թ. ««Ավրորա» մարդասիրական նախագիծը UWC դպրոցների եւ քոլեջների համար» մրցույթի  վերջին փուլն անցկացվեց հունիսի 8-ին Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Հաղթող ճանաչվեց UWC Չանգշու Չինաստան քոլեջի նախագիծը՝ HOPE:
 
 
 
Այս տարի ուսանողական թիմերը «Երիտասարդական Ավրորա» մրցանակին  տասնչորս նախագիծ են ներկայացրել տասներկու UWC դպրոցներից եւ քոլեջներից ու Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայից: Նրանք հարցերի լայն շրջանակ են բարձրացնում՝ միգրացիայից մինչեւ մենստրուալ առողջություն, երիտասարդների շրջանում քաղաքացիական ներգրավվածությունից մինչեւ համայնքային աջակցություն տարեցներին: Ներկայացված նախագծերը ղեկավարել են եւ գնահատել մի շարք փորձառու մարդասերներ եւ ձեռներեցներ յոթ առանցքային չափանիշներով՝ ստեղծարարություն, կայունություն, ուսումնասիրության խորություն, ազդեցություն, նվիրում, ինքնահայեցողություն եւ ձեւաչափ: Այս չափանիշները սահմանված են, որպեսզի ապահովեն նախագծերի ձեւավորումը՝ երկարաժամկետ ազդեցություն գործելու համար: Այս նպատակներին համապատասխանելու համար ժյուրին մանրամասն կարծիք է տվել
յուրաքանչյուր թիմին, եւ անկախ այն հանգամանքից՝ դրանք կանցնեն վերջնական փուլ եւ կհասնեն Հայաստան, թե՝ ոչ, յուրաքանչյուր նախագիծ կարող է շարունակել իր գոյությունը եւ զարգանալ: Այդ պատճառով, մինչ թիմերն ընտրում են թեման` խնդիրը, որը պետք է հաղթահարել, նրանք ձեռք են բերում  հմտություններ, որոնք կօգնեն մարդասիրական ավելի մեծ փոփոխություն բերել: 
«Երիտասարդական Ավրորան» հնարավորություն է ընձեռում մասնակից ուսանողներին զարգացնել եւ կատարելագործել  իրենց հմտությունները եւ դառնալ ապագա փոփոխության առաջամարտիկ, ինչպես ժյուրիի երկու անդամները՝ UWC միջազգային խորհրդի անդամ եւ «GoMakeaDifference» նախաձեռնության համահիմնադիր Քոլին Հեբգուդն ու UWC շրջանավարտ եւ UWC միջազգային խորհրդակցական մարմնի անդամ Իվանա Սիթումը, որոնց դերն անգնահատելի է: Ինչպես Քոլինն է մատնանշում. «Այս զարգացման հնարավորությունը կարող է նույնիսկ ավելի կարեւոր լինել, քան նրանց նախագծերի ներկա ազդեցությունը»: Իվանան ավելացնում է. «Շնորհակալություն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն այս ուսանողների մեջ տեսնելու եւ զարգացնելու լավագույնը՝ պատրաստելով նրանց որպես ապագա առաջնորդներ, որոնք կգտնեն կայուն լուծումներ մեր աշխարհի խնդիրների համար»: 
Եզրափակիչ դուրս եկած թիմերը՝ UWC Արեւելյան Աֆրիկա Տանզանիայում, UWC Փիրսոն քոլեջ Կանադայում եւ UWC Ատլանտիկ քոլեջ Միացյալ Թագավորությունում, այժմ պատրաստվում են «Ավրորա» ֆորումին իրենց նախագծերը ներկայացնելուն: Հաղթող թիմը կստանա 4000 եվրո պարգեւ՝ նախագծի հետագա զարգացման համար, մյուս երկու թիմերը՝ 500-ական եվրո: «Սաֆարիի բժիշկներ» (Safari Doctors) կազմակերպության հիմնադիր եւ նախընտրական ժյուրիի անդամ Ումրա Օմարը, որը ներկա էր անցած տարվա միջոցառմանը, նկատել է.
«Հենց «Երիտասարդական Ավրորայի» նման նախաձեռնություններն են բոցավառում փոփոխությունների կրակը: Սա ներդրում է այն սերնդի մեջ, որը միաժամանակ սովորում է, դասեր քաղում մարդկության հասցրած վնասից եւ այդ վնասը հաղթահարելու մարդասիրական ոգու ներուժից: Այս երեք տպավորիչ նախագծերն ընտրվել են, որպեսզի շտկեն աշխարհն ապագա սերունդների համար: Ինձ ավելի հպարտ չէի կարող պատկերացնել, քան հիմա այս երիտասարդ հեղափոխականներին իմ գործընկեր UWC-ականներ անվանելիս»: 
Եզրափակիչ փուլի նախագծերը 
 
UWC Արեւելյան Աֆրիկա. «Անծուխ խոհանոցներ» (Smokeless Kitchens) նախագիծ
 
Առաջադրվել է՝ նպատակ ունենալով կրճատել եւ վերացնել խոհանոցում առաջացած ծխի վնասակար հետեւանքները Կիլիմանջարոյի վարչական կենտրոն Մոշիում ապրող Չագա եւ Մաասայ ցեղախմբերի մոտ: «Անծուխ խոհանոցների» թիմն էժան, էկովառելիքով աշխատող բարձր որակի գազօջախների կայուն օգտագործման ծրագիր է մշակել: Փորձագետների խումբը բարձր է գնահատել նախագծի պոտենցիալ ազդեցությունը մարդասիրական ճգնաժամի հիմնապատճառները վերացնելու տեսանկյունից: Այն արդյունավետ է նաեւ առողջապահական եւ սոցիալական տեսանկյունից, քանի որ կկրճատի շնչառական խրոնիկ հիվանդությունները եւ ժամանակը, որ կանայք ծախսում են վառելափայտ հավաքելու վրա: Սա նշանակում է, որ կանայք ավելի շատ ժամանակ կունենան սեփական եկամուտ ստեղծելու համար: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ «Անծուխ խոհանոցներ» թիմը հույս ունի անմիջական ազդեցություն ունենալ հարյուրավոր ընտանիքների վրա եւ նրանց ավելի զգայուն դարձնել ծխի վտանգների նկատմամբ: 
 
UWC Փիրսոն քոլեջ. «Արժեքավոր պլաստիկ» (Precious Plastic) նախագիծ 
 
Ոգեշնչված ծովագիտություն առարկայով, որի շրջանակում թիմը մասնակցել էր ծովափի մաքրությանը, «Արժեքավոր պլաստիկ» թիմը բախվել էր վերամշակման ծայրահեղ անհրաժեշտության խնդրին՝ միաժամանակ զգալով այդ խնդիրը լուծելու նկատմամբ համայնքի անտարբերությունը: Արդյունքում մշակվեց ծրագիր՝ ստեղծելու պլաստիկի վերամշակման փոքրիկ գործարան հենց ուսումնական ավանում: Երկարաժամկետ հեռանկարում աշխատանքը կապահովեն Precious Plastic CAS-ի ուսանողները, իսկ արտադրված նյութերը կվաճառվեն եւ ստացված շահույթը կուղղվի նախագծի հետագա ֆինանսավորմանը: Խոսելով իրենց խանդավառության մասին՝ թիմը բացատրում է. «Մենք չէինք կարող ապրել կայուն ապագա ստեղծելու UWC առաքելությամբ՝
իմանալով, որ սովորության ուժով տոննաներով պլաստիկ է նետվում քոլեջի շրջակայքում: Եթե նույնիսկ մեր նախագիծը չկարողանա լուծել այս խնդիրը, մենք խորապես հավատում ենք, որ այն Փիրսոնը եւս մեկ քայլ կմոտեցնի մեր՝ կայուն ապագա ունենալու վերջնական նպատակին: Եվ մենք այնքան հպարտ կինենք, եթե Փիրսոնը կարողանա օրինակ դառնալ մյուս դպրոցների եւ քոլեջների համար»: 
 
UWC Ատլանտիկ քոլեջ.«Երիտասարդ ձայներ» (Young Voices) նախագիծ 
 
«Երիտասարդ ձայներ» թիմը կարծում է, որ երիտասարդների ներգրավվածության ցածր մակարդակը քաղաքացիական գործընթացներին առաջ է բերում հասարակական մի շարք խնդիրներ՝ ներառյալ խորացող անհավասարությունը, սոցիալական բացառումը եւ մեղքի մշակույթը: Ինչպես թիմն է նկատում, «իր հիմքում մեր նախագիծը մարմնավորում է մեր հավատամքը, որ յուրաքանչյուր երիտասարդ՝ որպես քաղաքացի, պետք է ակտիվ մասնակցություն ունենա հասարակությունում»: Նպատակն է, որպեսզի հասակակիցները քաղաքացիական կրթական ծրագիր մշակեն 13-ից 18 տարեկանների համար՝ նրանց փոխանցելով UWC-ում սովորածը, օգնելով մյուս երիտասարդներին դառնալ վաղվա ավելի սրտացավ եւ ակտիվ քաղաքացի, այդպիսով, վերացնելով գոյություն ունեցող քաղաքացիական իրազեկվածության բացը սոցիալ-տնտեսական տարբեր խմբերի պատկանող դեռահասների շրջանում: Թիմի անդամներից կանադացի Ալեգրա Նեսբիթ-Ջերմանն ասում է. «Այս նախագիծն ինձ ոգեշնչել է քայլեր ձեռնարկել եւ քաղաքացիական պատասխանատվության մասին սովորածս փոխանցել իմ հասակակիցներին»: 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 268 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար