Ինչ են խոսել Վանեցյանն ու վարչապետը. կլինի՞ երկրորդ հրաժարականը

17-09-2019 13:54:18   | Հայաստան  |  Վերլուծություն
ԱԱԾ պետի հրաժարականը շարունակում է լինել հասարակական-քաղաքական աշխույժ քննարկման հիմնական առարկան: Այդ իրողությունը հասկանալի է, նկատի ունենալով, որ խոսքն անշուշտ լոկ կարեւորագույն կառույցի ղեկավարի պաշտոնանկության մասին չէ, այլ հետհեղափոխական առանձնահատուկ փուլում առանցքային դեմքերից մեկի հեռանալու, ընդ որում՝ քաղաքական անհամաձայնության եւ սպայի պատվի մասին աղմկոտ հայտարարությամբ հեռանալու մասին:
 


Միաժամանակ սակա
յն, Արթուր Վանեցյանը հեռանալով մնում է, առնվազն ֆուտբոլում: Իսկ ֆուտբոլը ժամանակակից աշխարհում կրոն է, թերեւս առանց չափազանցության, միլիարդավոր
հետեւորդներով ու ահռելի կապիտալով: Ֆուտբոլը վաղուց դարձել է համաշխարհային քաղաքականության մաս: ֆուտբոլային կյանքին անմիջական առնչվում են պետությունների ղեկավարներ, իսկ ֆուտբոլային համաշխարհային կառույցների ղեկավարներն արժանանում են ընդհուպ պետությունների ղեկավարների հետ հանդիպումների, եւ նրանց այցերը «դե ֆակտո» ստանում են ավելի քան ֆուտբոլային նշանակություն:
 
Ի դեպ, այդ իմաստով խորհրդանշական է, որ Հայաստանում ԱԱԾ պետի պաշտոնանկությունը տեղի է ունենում ՈՒԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինի Հայաստան կատարած այցից օրեր անց: Իհարկե աներեւակայելի է, որ այդ այցը որեւէ ազդեցություն է ունեցել ԱԱԾ պետի հրաժարականի առումով, այդուհանդերձ Արթուր Վանեցյանը մնում է ֆուտբոլում, ինչի մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
 
Նա նշել է, որ քննարկել են Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ, եւ առայժմ մի բան հստակ է, որ նա կմնա ֆուտբոլում՝ Հայաստանի հավաքականի Եվրո 2020-ի ուղեգիր նվաճելու «ազգային եւ պետական կարեւոր խնդրի» լուծման համար: Չակերտներում բնորոշումը վարչապետինն է: Կա՞ր արդյոք դրանում հեգնանք, թե ոչ: Համենայն դեպս անկասկած է, որ ֆուտբոլային միջազգային հաջողությունները ներառվում են անգամ գերտերությունների պետական նպատակների շարքում:
 
Այդ իմաստով հետաքրքիր է՝ կլինի՞ Արթուր Վանեցյանի երկրորդ հրաժարականը՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, եթե օրինակ չլուծվի հավաքականի Եվրո 2020-ի ուղեգրի հարցը: Եղե՞լ է վարչապետի հետ այդպիսի քննարկում: Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը ստացել է երկրորդ ուղեգրի համար պայքարի իրական հնարավորություն: Առաջիկայում հույժ կարեւոր է Լիխտեյնշտեյնի եւ Ֆինլանդիայի հավաքականի հետ խաղերում հաղթանակը:
 
ԱԱԾ պետի հրաժարականից հետո, հատկապես հրաժարականի տեքստի պարագայում, կա տարածված խոսակցություն, որ նա զբաղվելու է քաղաքականությամբ: Լինելով ֆուտբոլում, Վանեցյանն արդեն քաղաքականության մեջ է, այն էլ թերեւս մեծ քաղաքականության: Կմնա՞ Արթուր Վանեցյանն այնտեղ եւ արդյոք վարչապետի հետ կոնֆլիկտային հրաժարականը չի խանգարի նրա ֆուտբոլային աշխատանքին: Եվ հայկական ֆուտբոլին ընդհանրապես:
 
Այն, որ հայկական ֆուտբոլի հաջողությունը կնպաստի Արթուր Վանեցյանի առանց այդ էլ բարձր վարկանիշին, պարզ է:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
 Մեկնաբան
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 644 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար