Որոշակի բնակության և հաշվառման վայր չունեցող քաղաքացիներն այլևս չեն զրկվի նպաստից

19-09-2019 13:59:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը, որով նախատեսվում է կարգավորել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի և դրա հիմքով տրամադրվող սոցիալական աջակցության պետական ծրագրերից բնակչության օգտվելու հետ կապված որոշ իրավահարաբերություններ:
 
Կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու (փաստագրվելու) կարգը, իսկ N 8 հավելվածով` ընտանեկան կամ
սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության նշանակման և վճարման կարգը:
 
Նշված հավելվածներով առկա են խնդիրներ` կապված որոշակի բնակության վայր և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող ընտանիքներին նպաստների համակարգում հաշվառելու, հաշվառված ընտանիքների բնակության վայրի փոփոխության և որոշ տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի հստակեցման հետ:
 
Ընդունված փոփոխությունները որոշակի բնակության վայր և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող ընտանիքներին սոցիալական աջակցության պետական ծրագրերից (այդ թվում նաև ընտանեկան, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն) օգտվելու հնարավորություն կտան, բացի այդ՝  կպարզեցվեն նպաստների համակարգում հաշվառված ընտանիքների բնակության վայրի փոփոխության հետ կապված սոցիալական իրավունքների իրացման ընթացակարգերը` ընտանիքին հնարավորություն տալով այդ նպատակով դիմելու իր նոր բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին): 
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված փոփոխությունների համաձայն գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների շարքին կդասվի նաև պտուղների և բանջարեղենի թթվեցման, պահածոյացման ու լցման
աշխատանքները:
 
Հիշեցնենք, որ դեռ մայիսի 16-ին ՀՀ կառավարությունը փոփոխություններ էր կատարել ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ, որը թույլ է տալիս գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին չզրկվել  սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից: 
 
 
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 302 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար