Վայոց ձորի մարզպետի օգնականի հետ վեճից հետո ՊՆ փոխգնդապետը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում.ՀԺ

20-09-2019 13:52:49   | Վայոց ձորի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
Armtimes.com Սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել, որին մասնկացություն է ունեցել Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: 
 


Դեպքը տեղի է ունեցել ժամը 00:00-ի սահմաններում. միջադեպից տուժածը ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանն է, որն այնպես է ծեծի ենթարկվել, որ տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կնետրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: ՀԺ-ի հոսպիտալից միայն տեղեկացրին, որ տուժածի վիճակը՝ ծանր է, իսկ թե ինչ վնասվածքներ է ստացել՝ չասացին:
 
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ
կապի լրատվության եւ վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 18-ին ժամը 00:08-ին ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Եղեգնաձոր քաղաքի «Բոնուս» առեւտրի կենտրոնի հարակից շենքերի մոտից վիճաբանության ձայներ են լսվում: Այնուհետեւ 00:20-ին Եղեգնաձոր ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արա Մխիթարյանը: «Մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը 00:15-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5 հասցեի բակից գանգուղեղային տրավմա եւ կոմատոզ վիճակով ԲԿ է տեղափոխվել Մխիթարյանը: Նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում Եղեգնաձորի բաժին է ինքնակամ ներկայացել Եղեգնաձորի բնակիչ 1992 թվականին ծնված մի տղամարդ եւ տվել բացատրություն: Հարուցվել է քրեական գործ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ գործը փոխանցվել է մարզի քննչական վարչություն»,- ասաց Գաբրիելյանը:
 
 
Ինքնակամ ներկայացած տղամարդը Վայոց ձորի մարզպետ
Տրդատ Սարգսյանի օգնականը հենց Հարություն Գրիգորյանն է, որը նաեւ որոշ բարեկամական կապեր ունի Վայոց ձորի մարզպետի հետ: ՀԺ-ն փորձեց մարզպետից ճշտել, թե արդյո՞ք տեղյակ է միջադեպից եւ որքանո՞վ է ինքն առնչվում դրա հետ, քանի որ տեղեկություն կար նաեւ, որ մարզպետն էլ է դեպքի վայրում եղել: Ի պատասխան Սարգսյանն ասաց. «Հարություն Գրիգորյանը իմ հորեղբոր թոռան ամուսինն է: Միջադեպից տեղյակ եմ: Ես այնտեղ չեմ եղել: Հիմա նախաքննություն է ընթանում բան չեմ կարող ասել: Միայն գիտեմ, որ բակում եղել են հարբած զինվորականներ՝ շատ խմած վիճակում, հայրենախառը զրույց են ունեցել միմյանց հետ: Տուն վերադառնալիս իմ օգնականը միջադեպին մասնակից է եղել»:
 
Սարգսյանի խոսքով՝ իր օգնականը զինվորականներին հորդորել է՝ բակում չհայհոյել, չաղմկել. «Այնուհետեւ հասել են իր վրա: Մնացածը նախաքննությունը ցույց կտա»:
 
Հարցին՝ Գրիգորյանի ընդունակությունները հաշվի առնելո՞վ է աշխատանքի ընդունել, թե որոշակի բարեկամական կապերից ելնելով, Սարգսյանը պատասխանեց. «Ինքը աշխատում է մարզպետի օգնական իր որակների համար՝ թե՛ մասնագիտական եւ թե՛ մարզը լավ ճանաչելու համար»:
 
Ուշագրավ է, որ Վայոց ձորի մարզպետի օգնականի մասին մոտ 2 շաբաթ առաջ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել էր նաեւ մարզպետի արդեն նախկին տեղակալ Ռազմիկ Տոնոյանը: Տոնոյանը մասնավորապես նշել էր. «Մարզպետի օգնականի մականունը «Քերոփ» է: Ես «Քերոփ»-ի հետ պետք է նստեմ ինչի՞ց խոսեմ: Դրա համար էլ ես պետք չէի այդ մարզպետարանին»:
 
Միջադեպի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել նաեւ Հարություն Գրիգորյանը:
 
- Պարոն Գրիգորյան, ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել, ինչո՞ւ է այն վերածվել ծեծկռտուքի։
 
- Երկար հարց է դա, մի կես ժամանոց, կարճ հարցեր տվեք՝ պատասխանեմ։
 
- Տրդատ Սարգսյանը միջադեպի ժամանակ ձեզ հե՞տ է եղել։
 
- Ոչ, այդ ինչ թյուրիմացություն է։ Դա չգիտեմ ինչ տեսակի մարդ է եղել այդպիսի բան ասողը։
 
- Տեղյա՞կ եք, թե ի՞նչ վիճակում է գտնվում Արա Մխիթարյանը։
 
- Ես գիտեմ, որ ծանր կայուն։
 
- Դուք ոստիկանությունում ընդունե՞լ եք ձեր մեղքը, նշե՞լ եք, որ դուք եք ծանր վնասվածք հասցրել։
 
- Ոչ։ Ես մեր շքամուտքից դուրս եմ եկել ինքը անշարժ այնտեղ պառկած է եղել։
 
- Դուք վեճի հետ կապ չունե՞ք։
 
- Ես վեճի ժամանակ այնտեղ եմ եղել, քաշքշոց է եղել, բայց հետո նա դուրս է եկել քայլելով, իր ընկերներն իրեն տարել են՝ քանի որ նա հարբած վիճակում ինչ-որ կռիվ էր ուզում ստեղծել։ Երեւի սայթաքել ընկել է, չգիտեմ ինչ է եղել, ով է քաշել գցել։
 
- Այսինքն՝ ձեր հետ վիճաբանության հետեւանքով չէ՞ այդ վնասվածքը առաջացել։
 
- Ոչ, իմ հետ վիճաբանության ժամանակ մենք կարող է իրար քաշել ենք, իրար բան ենք ասել, բայց իմ ու իր ընդհարման ժամանակ ոչ մեկիս վրա ոչ մի բան չի եղել։
 
- Ձեր ու մարզպետի բարեկամական կապի շնորհիվ հնարավո՞ր է գործը կոծկվի։
 
- Գործի կոծկվելը ո՞րն է, կպարզվի, քննություն են անում։ Կպարզեն ով է մեղավոր ու կպատժվի մեղավորը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1490 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար