Հայաստանում է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը.Ֆոտոշարք

20-09-2019 18:25:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Սեպտեմբերի 19-ին պաշտոնական այցով Երևան է ժամանել Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությունը։ 
 
Սեպտեմբերի 20-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի հանդիպումը, որը շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ 
 
Ողջունելով նախարար Սաաբին, Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանի և Լիբանանի միջև առկա է բարձր մակարդակի բազմակողմանի համագործակցություն, և երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները պարտավորեցնում են զարգացնել համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է 2018թ. նոյեմբերին Բեյրութում ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումը,
որը նոր հնարավորություններ կընձեռի ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում փոխգործակցության համար:
 
Էլիաս Բու Սաաբը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել բազմակողմանի համագործակցության զարգացումը` հանուն երկու երկրների պաշտպանունակության ամրապնդման: Լիբանանի պաշտպանության նախարարը հանդես է եկել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն աջակցող հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ, որոնք կներառեն ոչ միայն պաշտպանության, այլ նաև մշակույթի, զբոսաշրջության, տնտեսական և այլ ոլորտների պատասխանատուներին: 
 
Որպես պաշտպանության բնագավառում համագործակցության կարևոր ոլորտներ՝ նշվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փորձի փոխանակումը, ուսումնավարժական ծրագրերը, ռազմատեխնիկական ուղղություններ և այլն: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է կողմերի միջև հետախուզական տեղեկատվության փոխանակումը ։
 
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության նպատակները և խնդիրները: Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը ողջունել է Հայաստանի հումանիտար գործողությունները Սիրիայում` նշելով, որ այդպիսի առաքելությունները ուղղված են խաղաղության հաստատմանը: Էլիաս Բու Սաաբը շնորհակալություն է հայտնել նաև Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայ խաղաղապահների մասնակցության համար և ընդգծել, որ Լիբանանում այս առաքելությունը հատուկ է Հայաստանի համար և միայն միջազգային պարտավորություն չէ: 
 
Այցի շրջանակում նախատեսված
են Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այցի ծրագրում ընդգրկված են նաև արարողակարգային այցելություններ Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: 
 
Սեպտեմբերի 21-ին Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը տիկնոջ և պատվիրակության ուղեկցությամբ Գյումրիում կմասնակցի Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի տոնական միջոցառումներին: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 529 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար